Բաժիններ՝

Սկանդալային կենսագրությամբ հայտնի Դիանա Գալոյանը հրաժարական կտա. նրան փոխարինող են գտել․ News.am

NEWS.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, գողության և գրագողության մեջ մեղադրվող Դիանա Գալոյանը: Պատճառը նրա անվան հետ կապված քրեական պատմության բացահայտումն է, որի մասին դեռևս նախորդ տարեվերջին բաց տեքստով խոսում էին անգամ ՔՊ-ական քաղաքական գործիչները: Ըստ մամուլի հրապարակումների՝  Դիանա Գալոյանը դեռևս 2017 թվականին ԱՄՆ-ում դատապարտվել է հագուստ գողանալու համար:

Իշխանության կուլիսներում արդեն իսկ քննարկվում են ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հնարավոր թեկնածուների անուններ, այդ թվում՝ տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից:

Նկատենք, որ «թալանի», «կոռուպցիայի» և «ավազակապետության» դեմ պայքարի համար իշխանության եկած քաղաքական ուժի ներկայացուցիչները շուրջ երեք տարի է՝ փորձում էին աչք փակել սկանդալային բացահայտումների վրա: Սակայն Գալոյանի անվան հետ կապված տհաճ «պատմության» ու ռեկտորի քրեական անցյալի վերաբերյալ վերջերս հրապարակված աղաղակող փաստերի ճնշման տակ իշխանությունները որոշել են Գալոյանին պարտադրել հրաժարականի դիմում ներկայացնել՝ պատճառաբանելով, որ իրենց համակիրների կողմից քննադատության են արժանանում անփույթ կադրային քաղաքականության համար:

Նշենք, որ 2023թ. դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվել էր, թե ինքը տեղյա՞կ է, որ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանին մեղադրում են ԱՄՆ-ում գողություն անելու մեջ, ինքն ուսումնասիրե՞լ է այդ գործը։ Դրան ի պատասխան ԿԳՄՍ նախարարն արձագանքել էր, որ գերատեսչությունում տեղյակ են եւ զբաղվում են դրանով․ «Այժմ պաշտոնական հարցում ենք ուղարկել համապատասխան մարմիններին և սպասում ենք պատասխանի, որի արդյունքներով կկարողանանք ունենալ վերջնական եզրակացություն և կողմնորոշվել հետագա քայլերի մեջ։ Լրջությամբ ենք վերաբերվում այն տեղեկություններին, որոնք շրջանառվում են։ Աշխատանքն ընթացքում է, սպասում ենք պատասխանին»,- ասել էր Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ 2019թ Դիանա Գալոյանը հայտնվել էր մեկ այլ սկանդալի կենտրոնում: Գալոյանին մեղադրում էին գրագողության մեջ: Մասնավորապես նրա դոկտորական աշխատանքում, ըստ ուսանողների, հետագայում՝ նաև ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի, առկա էին ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ։ Դիանա Գալոյանը, սակայն չէր ընդունել իրեն հասցեագրվող մեղադրանքները և առաջարկել էր ստուգել դոկտորական ատենախոսությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս