Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է Հայրապետական Պատարագ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով

Հունվարի 6-ին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հայրապետական խաչվառազարդ թափորը «Խորհուրդ խորին» շարականի հանդիսավոր երգեցողության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Տրդատի մատուռից առաջնորդել է դեպի Սուրբ Խորան։

Սուրբ Պատարագին որպես առընթերականեր սպասավորել են Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ու ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան և Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։

Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» հրեշտակաբարբառ ավետիսով ողջունել է աշխարհասփյուռ հայությանը և տոնի առիթով հղել իր պատգամը:

Տեսանյութեր

Լրահոս