
Իրաքը մտադիր է դուրս բերել օտարերկրյա զորքերը Բաղդադին հասցված ավիահարվածից հետո

Իրաքի կառավարությունը սկսում է արտասահմանյան ռազմական կոալիցիան երկրից դուրս բերելու գործընթացը։
«Կառավարությունը սահմանում է երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի ամսաթիվը, որը պետք է միջոցներ ձեռնարկի Իրաքում միջազգային կոալիցիայի ուժերի մշտական գտնվելու ժամկետը դադարեցնելու համար», – հայտնել են վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի գրասենյակից:
Որոշումը կայացվել է Բաղդադի վրա ամերիկյան ավիահարվածից հետո, որի արդյունքում սպանվել է «Հարակաթ ան-Նուջաբա» զորախմբի հրամանատար Մուշթաք ալ Ջավարին։ Նշվում է, որ ավիահարվածի հետեւանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ ժողովրդական միլիցիայի հետախուզության հրամանատարը։
Այս պահին Իրաքի տարածքում ԱՄՆ զինված ուժերի 2500 զինծառայող կա: