Սև ծովի թուրքական նավահանգստում ձկնորսական ցանցի մեջ ական է հայտնվել
Սև ծովում թուրքական Էրեղլի նավահանգստի մոտ ականն ընկել է ձկնորսական ցանցի մեջ, և դեպքի վայր ժամանած սակրավորներն այն դուրս են բերել նավահանգստից՝ վնասազերծելու համար։
Ձկնորսներն իրենց ցանցում կլոր առարկա են նկատել, և երբ այն ափ են հանել, հասկացել են, որ իրենց դիմաց ական է, ինչի մասին տեղեկացրել են առափնյա պահպանության ծառայությանը։ Ստամբուլից ժամանած սուզորդներն օգնել են ափ հանել ռումբը, որը կտեղափոխվի հատուկ վայր՝ ոչնչացման համար։
Ձկնորսներից ոչ ոք չի տուժել, իսկ նավահանգիստը որոշ ժամանակ անց վերաբացվել է։ Էրեղլին Թուրքիայի խոշորագույն ածխի փոխադրման նավահանգիստներից մեկն է, նահանգում գտնվում են զգալի թվով ածխահանքեր։
Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի պաշտպանության նախարարները ծրագրում են հունվարի 11-ին Ստամբուլում համաձայնագիր ստորագրել՝ Սև ծովում ականազերծման աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Ուկրաինայում կոնֆլիկտի բռնկումից ի վեր Ռումինիայի նավատորմը յոթ գործողություն է իրականացրել ծովային ականների ոչնչացման համար։ Օգոստոսին թուրքական իշխանությունները փակել էին Սոֆուլար լողափը սևծովյան Շիլե հանգստավայրում՝ առնվազն 28 չպայթած ական հայտնաբերելուց հետո: