«Գազայում տիրող իրավիճակի գլխավոր մեղավորը Նեթանյահուն է». Չելիք
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AK) խոսնակ Օմեր Չելիքը թուրքական «Habertürk»-ի ուղիղ եթերում անդրադարձել է Թուրքիայի օրակարգում գտնվող մի շարք հարցերի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օրակարգային հարցերից մեկը եղել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը։
Չելիքը Գազայում Իսրայելի կողմից իրականացվողն անվանել է «կոտորած», իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գործողությունները որակել որպես գործողություններ՝ միտված տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության փոփոխմանը։
Նա համոզմունք է հայտնել, որ Նեթանյահուն միակ մարդն է, ով ուրախ կլինի, երբ Թուրքիայի ուշադրությունը Գազայից շեղվի։
Բացի այդ, Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը, պատասխանելով «Իսրայելում իշխանությունների հնարավոր փոփոխության պարագայում Թուրքիա-Իսրայել հարաբերությունների հետագա ընթացքն ինչպիսի՞ն կլինի» հարցին, ասել է․
«Նեթանյահուն և իր կառավարությունը գլխավոր մեղավորներն են։ Պետք չէ մոլորեցնել, մեղավորներն այստեղ հայտնի են։ Բացի այդ, մեծ թվող քաղաքական գործիչներ կան, ովքեր հրապարակել են Նեթանյահուի մենթալիտետը։ Այստեղ եղած խնդիրը հետևյալն է․ այդ ի՞նչպիսի մենթալիտետ է, որ «Նվիրական հողեր» (Աստծո կողմից շնորհված) ասելով, կարողանում է արդարացնել սպանություն կատարելը և երեխաներին սպանելը»։
Չելիքը ուշադրություն է հրավիրել նաև այն բանի վրա, որ Իսրայելի նմանատիպ գործողությունների հետևանքով 1 րոպեում 10 երեխա է սպանվում Գազայում։
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հոկտեմբերի 7-ին էր Իսրայելի ուղղությամբ անցել լայնամասշտաբ հարձակման։
Խմբավորումը հայտարարել էր «Ալ-Աքսա ջրվեժ» ռազմագործողության իրականացման մասին, ինչին ի պատասխան Իսրյալելը սկսել էր «Երկաթե թրեր» գործողությունը։
Նրանց միջև ռազմական գործողությունները վերածվել էին լայնամասշտաբ բախումների, որոնք էլ շարունակվում են մինչ օրս։