Բաժիններ՝

Տոկիոյի օդանավակայանում մարդատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է մեկ այլ օդանավին, ինչից հետո երկուսն էլ բռնկվել են

Տոկիոյի Հանեդա օդանավակայանում թռիչքուղու վրա Japan Airlines ընկերության մարդատար ինքնաթիռը բախվել է մեկ այլ օդանավի ու բռնկվել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։

Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության հրամանատարության տվյալների համաձայն՝ ինքնաթիռը բախվել է իր DHC-8 ռազմատրանսպորտային ինքնաթիռին, որը պատրաստվում էր մեկնել նախօրեին տեղի ունեցած երկրաշարժերից տուժած շրջաններ՝ առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու։ Երկրորդ օդանավը ևս հրդեհվել է։

Ճապոնիայի հանրային հեռուստատեսության հրապարակած կադրերից պարզ է դառնում, որ բռնկվել է ինքնաթիռի շարժիչներից մեկը։ Բացի այդ, լրջորեն վնասվել է նաև օդանավի թևերից մեկը։ Տեսագրությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։

Ավիաընկերության տվյալներով՝ Սապորո քաղաքից Տոկիո ժամանած ուղևորատար ինքնաթիռում եղել է 379 ուղևոր և անձնակազմի անդամները, որոնք բոլորը բարեհաջող տարհանվել են։ NHK-ի հաղորդմամվ՝ ռազմական ինքնաթիռում եղել է անձնակազմի վեց անդամ, որոնցից միայն մեկին է հաջողվել ինքնուրույն տարհանվել։ Մյուս հինգի ճակատագիրն առայժմ անհայտ է։

Միջադեպից հետո օդանավակայանի բոլոր թռիչքուղիները փակվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս