ԱՄՆ-ն չի կարողանա ՌԴ-ի ակտիվները փոխանցել Ուկրաինային առանց Եվրոպայի երկրների համաձայնության. The Washington Post
Վաշինգտոնի վարչակազմը չի կարողանա իրականացնել Արևմուտքում սառեցված ՌԴ-ի ակտիվների բռնագրավման և Կիևի շահերի համար օգտագործման պլանն առանց Եվրոպայի երկրների համաձայնության, որոնցից ոմանք այժմ զգուշանում են նման քայլի նպատակահարմարության հարցում։
Այդ մասին ասված է The Washington Post թերթի տեսաբան Ջոշ Ռոգինի մեկնաբանության մեջ։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերջապես սկսել է ավելի եռանդուն վերաբերվել ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու գաղափարին՝ Ուկրաինայի վերականգնման համար վճարումների համար։ Սպիտակ տունը կուլիսներում վարում է երկարատև ներքաղաքական քննարկումներ, իրականացնում է դիվանագիտական լայնածավալ աշխատանք և միաժամանակ խորհրդակցություններ Կոնգրեսի հետ` աստիճանաբար մոտենալով այն բանին, որպեսզի հրապարակայնորեն պաշտպանի այդ գաղափարը: ԱՄՆ ֆինանսների նախարարությունում և Պետդեպարտամենտում կան հիմնավոր կասկածներ օտարերկրյա սուվերեն ակտիվների բռնագրավման վերաբերյալ», – նշվում է նյութում։
Հոդվածագիրը բերել է տվյալներ` վկայակոչելով պաշտոնատար անձանց, որոնց համաձայն այդ միջոցների սոսկ մոտ 2%-ն է պահվում Միացյալ Նահանգներում: «Ռուսաստանի սառեցված ակտիվների մեծ մասը գտնվում է Բելգիայում և Շվեյցարիայում: Եվ կա դիմադրություն Եվրոպայի և հատկապես Բեռլինի կողմից, թե հիմնավորվա՞ծ է արդյոք այդ քայլը միջազգային իրավունքի տեսանկյունից»,- հայտնել է Ռոգինը: