
Ադրբեջանի նկատմամբ ռևանշը նշանակում է ՀՀ իշխանության վերին էշելոնում գտնվող դեմքերի անհապաղ հեռացում. Աբրահամյան

«Ռևանշ» բառը հետպատերազմյան ժամանակահատվածի ամենագործածված ու ամենաշահարկված բառերից է. Ադրբեջանը դրա տակ հասկանում է, որ Հայաստանում կան ուժեր, մարդիկ, ովքեր պարզապես չեն կարող համակերպվել ստեղծված իրողությունների հետ (Հայաստանի ու Արցախի օկուպացիա) և դրա տակ սպառնալիք է տեսնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգաավոր Տիգրան Աբրահամյանը։
«ՀՀ իշխանությունը դրա տակ հասկանում է իշխանությունից զրկվելու հանգամանք, որովհետև եթե մեր հետ տեղի ունեցածը խորապես գիտակցվի հասարակության լայն շերտերի շրջանում, իսկ դա «ռևանշը» առաջին պլան է բերելու, անշուշտ աթոռազրկում է ենթադրելու:
Ադրբեջանի նկատմամբ ռևանշը` առաջին հերթին նշանակում է ՀՀ իշխանության վերին էշելոնում գտնվող ու Ադրբեջանի հետ գաղափարակից դեմքերի անհապաղ հեռացում, որովհետև Ադրբեջանի հետ «հաշիվ մաքրելը» միայն դրանից հետո կարող է լինել:
Երրորդ խումբ անձինք, ուժերը գիտակցում են, որ ռևանշի զգացումը կամ անհրաժեշտությունն առաջին հերթին ինքնապաշտպանական և գաղափարական հենք ունի:
Այդ համատեքստում թեմային նախօրեին նաև նախագահ Սերժ Սարգսյանն է անդրադարձել` հավելելով, որ նման ձգտումը ոչ միայն նորմալ է, այլ ստեղծված իրավիճակում` բնական ձգտում:
«Բաքվի կարելի է ամեն ինչ, մեզ ոչինչ չի՞ կարելի, բա ո՞ւմ է պետք ապրելը»,- նշել է նախագահ Սարգսյանը` ակնարկելով, որ ժողովրդին արժանապատիվ կյանքի հուն վերադարձի գաղափարն, ըստ էության, անցնում է նաև ռևանշի գաղափարի ներքո: