Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակման դեպքով պաշտոնական Երևանը որոշել է լռել․ պատգամավոր

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակման դեպքին, գրում է:

«Երուսաղեմում` շուրջ 30 մարդկանցից կազմված խումբը հարձակվել է Հայկական թաղամասում գտնվող հայապատկան տարածքի վրա:

Քարեր են նետվել հայերի ուղղությամբ, մարդիկ վիրավորումներ են ստացել: Տեսանյութում երևում է` ինչպես են հայ հոգևորականները փորձում պաշտպանել հայապատկան տարածքը:

Երուսաղեմի հայապատկան տարածքի շուրջ ճգնաժամն արդեն մի քանի ամիս ծայրահեղ սրված է: Նման հարձակումների մի քանի դեպք է գրանցվել վերջին շրջանում: Համայնքը` իր սահմանափակ ուժերով ինքնապաշտպանական խմբեր է կազմել և փորձում է պաշտպանել հայկական ունեցվածքը և ժառանգությունը:

Թեման այնքան մեծ հնչեղություն է ստացել, որ դրան անգամ անդրադարձել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` կոչ անելով Իսրայելի իշխանություններին պաշտպանել կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները:

Ի՞նչ եք կարծում, ինչպես է թեմային արձագանքել ՀՀ ԱԳՆ-ն կամ պաշտոնական Երևանը: Քանի որ թեման վերաբերում է հայերի և հայկական ժառանգության պաշտպանությանն ու Ադրբեջանի գլխավոր գործընկեր պետություններից մեկին` ՀՀ պաշտոնյաները որոշել են ցուցաբերել իրենց դեպքում հնարավոր ամենամեծ օժանդակությունը և լռել:

Ընդհանրապես, կարող եք հիշել մի դեպք, երբ ներկա իշխանություն ներկայացուցիչները իշխանությունն օգտագործել են ոչ թե վոյաժների, ընտանիքի անդամների հարստացման, սեփական անվտանգության ապահովման, այլ հայ մարդու կամ հայկական ժառանգության պաշտպանության համար»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս