Արտասահմանյան ընկերությունը կզբաղվի ՀՀ քաղաքացիների անձնագրերով
Կառավարությունը միջազգային մրցույթ կհայտարարի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվային համակարգի ստեղծման համար։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը՝ հավելելով, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր մասնավոր ընկերությունները։
«Կլինի որակավորման փուլի մրցույթ, որի արդյունքում կստեղծվի կարճ ցուցակ, որից հետո կհայտարարվի հիմնական առաջարկի փուլը։ Առաջարկի փուլում կարճ ցուցակի ընկերությունները մանրամասն կներկայացնեն իրենց ծրագրերն ու պատկերացումները, որը գնահատող հանձնաժողովը կգնահատի, և արդեն դրանից հետո պայմանագիր կկնքվի»,- ասաց Երիցյանը։
Նիկոլ Փաշինյանն իր հերթին անդրադարձավ անձանական տվյալների պաշտպանության հետ կապված մարտահրավերին՝ նկատի ունենալով, որ մրցույթի հաղթողը դառնալու է թվային համակարգի ստեղծողը և օպերատորը։ Վարչապետը հետաքրքրվեց, թե այս մասով ինչպես է խնդիրը լուծվելու։
«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրենը նշեց, որ կենսաչափական տվյալների պահպանումը կմնա պետության ներքո։
«Այսինքն, երբ քաղաքացին բիոմետրիկ տվյալները կտրամադրի, դրա ամբողջ կառավարումը և սեփականատերը լինելու է կառավարությունը, որպեսզի անձնական տվյալներն անվտանգ լինեն»,- ասաց Երիցյանը։