![](/banners/BeFunky-design.jpg)
Լիբերիայում ավտոցիստեռնի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/1127074.jpg)
Առնվազն 40 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել Լիբերիայի կենտրոնական մասում ավտոցիստեռնի պայթյունի հետևանքով։
Այդ մասին հաղորդել է Liberian Observer թերթը՝ վկայակոչելով առողջապահության գլխավոր բժիշկ և փոխնախարար Ֆրենսիս Քաթեհին։
Ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել էր 15 զոհի և ավելի քան 30 վիրավորի մասին։
Հրատարակությունը նշում է, որ ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհից և պայթել դեկտեմբերի 26-ի ուշ երեկոյան Լիբերիայի Բոնգի կոմսության Տոտոտա քաղաքում։ Ականատեսների վկայությամբ՝ վթարից հետո մի քանի հոգի փորձել են հավաքել թափվող բենզինը, հետո պայթյուն է տեղի ունեցել։
Զոհվածների թվում են մեկ կին և երեք երեխա՝ 6-9 տարեկան։ Առողջապահության փոխնախարարը նշել է, որ զոհերի թիվը կարող է աճել։