ՆԱՏՕ-ի հետ երկխոսության խորացումը կհանգեցնի ՀՀ պաշտպանական ինքնիշխանության կորստի. Լավրով
ՌԴ արտգործնախարարը վստահ է, որ ՆԱՏՕ – ի իրական նպատակն է ամրապնդել տարածաշրջանում դիրքերը, պայմաններ ստեղծել «բաժանիր, որ տիրես» սխեմայով մանիպուլյացիաների համար։
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանը կգիտակցի ՆԱՏՕ-ի հետ երկխոսության խորացման հետևանքով ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում պետության ինքնիշխանության կորստի սպառնալիքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2023 թվականի արդյունքներով ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Հուսով եմ, Երևանում իրենց հաշիվ են տալիս, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է ազգային պաշտպանության ևւ անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստի», – նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս տարի Հայաստանը դաշինքի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների: Նրա խոսքով՝ հանրապետությունում շարունակվում է զինված ուժերի արդիականացումը ՆԱՏՕ-ի չափանիշներով, իսկ ՀՀ զինվորականները վերապատրաստում են անցնում Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ պետություններում:
«Դա չի կարող մեզ անհանգստություն չպատճառել։ Մենք բազմիցս հրավիրել ենք հայ գործընկերների ուշադրությունը, որ ՆԱՏՕ – ի իրական նպատակն է ամրապնդել տարածաշրջանում իրենց դիրքերը, պայմաններ ստեղծել «բաժանիր, որ տիրես» սխեմայով մանիպուլյացիաների համար», – հավելել Է Լավրովը։
Հիշեցնենք` Բիշքեկում ԱՊՀ արտգործնախարարի խորհրդի նիստից հետո հրավիրված ասուլիսում ՌԴ արտգործնախարարն ասել էր` Ռուսաստանն արձանագրում է, որ Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ–ի շահերն առաջ մղելու փորձեր են արվում, որոնք արդյունքների հասնում են, բայց Ռուսաստանը խորապես համոզված է, որ հայ ժողովրդի մեծամասնությունը շահագրգռված է ՌԴ–ի հետ ավանդական եղբայրական կապերի զարգացմամբ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին ասել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների կողմից նկատվում է ազդեցության գոտին ընդլայնելու փորձեր, Ռուսաստանը դրան արձագանքում է հանգիստ և հավասարակշռված։