
Սպանություն Սիսիանում. 35-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18.13-ին, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հետին պատի և գոտկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերքերով, ներքին արնահոսությամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 66-ամյա տղամարդ, որը մահացել է: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Սիսիանի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Սիսիանի և Գորիսի բաժինների, ինչպես նաև Սիսիանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 17-ի սահմաններում Սիսիան քաղաքի Խանջյան փողոցում՝ էլեկտրական ենթակայանի հետնամասում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 66-ամյա սիսիանցի տղամարդուն կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ էր պատճառել 35-ամյա համաքաղաքացին:
Հետագա ձեռնարկված միջոցառումների արդյունքում 35-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին:
Դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակի բռնակը:
Քրեական վարույթը շարունակվում է: