Բաժիններ՝

Լեհ-ուկրաինական սահմանին բեռնատարների հերթը հասել է 3900-ի

Լեհաստանից Ուկրաինա մուտք գործելու սպասող բեռնատարների հերթը հասել է 3900-ի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական ​​սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն ազգային հեռուստամարաթոնի եթերում։

«Այսօր առավոտվա դրությամբ, լեհ գործընկերներից ստացված տեղեկությունների համաձայն, անցակետերում Ուկրաինա մուտք գործելու թույլտվության է սպասում 3900 բեռնատար ավտոմեքենա: Որոշակի թվով մեքենաների լեհական կողմը թույլ է տալիս անցնել, սակայն դա մի քանի անգամ պակաս է, քան եղել է մինչև հսկիչ անցակետերի արգելափակումը», – Դեմչենկոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ պաշտոնյան հայտնել էր լեհ-ուկրաինական հսկիչ անցակետերում 3300 ավտոմեքենայի կուտակման մասին։

Ըստ սահմանապահ ծառայության ներկայացուցչի՝ Հունգարիայի և Սլովակիայի հետ սահմանին հսկիչ անցակետերով երթևեկությունն ընթանում է բնականոն ռեժիմով, սակայն այնտեղ նույնպես կան հերթեր, «քանի որ լեհ փոխադրողների գործողությունների պատճառով ուկրաինացի վարորդները հարկադրված են լինում ընտրել շրջանցիկ երթուղիներ»։

«Այժմ Սլովակիայի հետ սահմանին կա մոտ 400 ավտոմեքենա, Հունգարիայի հետ սահմանին՝ մոտ 700», – նշել է Դեմչենկոն՝ հավելելով, որ վերջին ժամերին Ռումինիայի հետ սահմանին հերթերն աճել են․ այնտեղ կանգնած է շուրջ 900 ավտոմեքենա։

Նոյեմբերի 6-ին լեհ ավտոփոխադրողներն սկսել են բողոքի ակցիա՝ արգելափակելով Ուկրաինայի հետ սահմանին գտնվող երեք հիմնական հսկիչ անցակետերը: Նոյեմբերի 23-ին դրանց է ավելացել չորրորդը։ Լեհերը պահանջում են վերացնել 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Ուկրաինայից բեռնատարների վարորդներին Եվրամիության կողմից տրամադրվող արտոնությունները։

Բեռնատարների վարորդները ստիպված են օրերով սպասել բազմակիլոմետրանոց հերթերում։ Արգելափակման սկզբից արդեն երեք ուկրաինացի վարորդ է մահացել սահմանի հերթերի մեջ։ Լեհ փոխադրողների ակցիային պարբերաբար միացել են գործընկերները Հունգարիայից և Սլովակիայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս