Գազայում զոհերի թիվը գերազանցել է 20 000-ը, իսկ Իսրայելն ընդլայնել է ռազմական գործողությունների մասշտաբները
Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 20 000-ը, իսկ Իսրայելն ընդլայնել է իր ցամաքային գործողությունը՝ չնայած այն զսպելու բազմաթիվ կոչերին։
Associated Press գործակալությունը հաղորդում է, որ զոհերի թիվը կազմում է Գազայի հատվածի բնակչության գրեթե 1%-ը։ 11 շաբաթվա հակամարտության ընթացքում անկլավի բնակչության գրեթե 85 %-ը տեղահանվել է, բազմաթիվ շենքեր գետնին են հավասարվել։
Ըստ ՄԱԿ-ի՝դեկտեմբերի 21-ի զեկույցի՝ Գազայի հատվածի բնակչության մեկ քառորդը՝ ավելի քան կես միլիոն մարդ, սովի է մատնված։
Չնայած ստեղծված դժվարին վիճակին՝ մի քանի օրվա բանակցություններից հետո դեկտեմբերի 21-ի երեկոյան նախատեսված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկումը դարձյալ հետաձգվել է։ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է քննարկեր Գազա հումանիտար մատակարարումների վերահսկողությունը ՄԱԿ-ին փոխանցելու հարցը։
Իսրայելը, որը վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը, դիմադրում է ռազմական գործողությունների մասշտաբը նվազեցնելու միջազգային ճնշմանը՝ հայտարարելով, որ կշարունակի իր գործողությունը, մինչև չոչնչացնի պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը, որը Գազայի հատվածը վերահսկում է արդեն 16 տարի։
Այժմ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)կենտրոնացած է Գազայի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Խան Յունիսի վրա։ ԻՊԲ-ն դեկտեմբերի 21-ին հայտնել է, որ ավելի շատ ցամաքային ուժեր է ուղարկում այնտեղ՝ թիրախավորելու ՀԱՄԱՍ-ի զինյալներին ինչպես գետնի վրա, այնպես էլ թունելներում։
Դեկտեմբերի 22-ին ԻՊԲ-ն Բուրեջ քաղաքային փախստականների ճամբարի և դրա մերձակա համայնքների տասնյակ հազարավոր բնակիչներին կարգադրել է հեռանալ իր կողմից նշված տարածք։
Օդային և ցամաքային գործողությունները շարունակվում են նաև Գազայի հատվածի հյուսիսում, որտեղ, ըստ ԻՊԲ-ի, ՀԱՄԱՍ-ի զինյալներին ոչնչացնելու վերջին փուլն է ընթանում։
Գազայի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 20 057-ի, վիրավորների թիվը՝ 53 520-ի։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ էր սպանվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ 7-օրյա հրադադարի ընթացքում շուրջ 100 գերի փոխանակվել է Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցիների հետ։
ՀԱՄԱՍ-ը դեկտեմբերի 21-ին հայտարարել է, որ չի քննարկի պատանդներին վերադարձնելու հարցը, մինչևԳազայում ռազմական գործողությունները չդադարեն։