Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ նախագծեր իրականացնելու մեծ փորձ ունեն. ՌԴ առողջապահության նախարարն՝ առողջապահական համաժողովի ժամանակ
«Ռուս-հայկական առողջապահական» համաժողովը, որն ուղղված է երկկողմ համագործակցության զարգացմանը, այս տարի անցկացվել է Մոսկվայի «Ն.Ն. Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնում»` նվիրված վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական բուժման արդի հարցերին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակության կազմում էին առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, բժիշկ-մասնագետներ, ովքեր հանդես են եկել վնասվածքաբանության և օրթոպեդիայի բժշկական օգնության թեմայով զեկույցներով:
«Առողջապահության ոլորտում համատեղ համաժողովների անցկացումը դարձել է լավ ավանդույթ և նպաստում է համագործակցության ամրապնդմանը` ոչ միայն մասնագիտական, փորձի փոխանակման մակարդակով, այլ նաև հիմք է երկկողմ ամուր կապերի և հարաբերությունների հետագա խորացման համար»,-իր ելույթում նշել է Անահիտ Ավանեսյանը։
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն իր ելույթում նշել է, որ ամենամյա ռուս-հայկական համաժողովը հրահանգ է բժշկական կազմակերպություններին՝ կենտրոնանալու որոշակի խնդիրների վրա.
«Վնասվածքների բուժման հետ կապված բժշկական օգնությունը պահանջում է նորարարական մոտեցումներ և վերականգնողական միջոցառումներ: Այսօր այդ ոլորտը զարգանում է ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ` Հայաստանում: Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ նախագծեր իրականացնելու մեծ փորձ ունեն, որը հետագայում կարող են զարգացնել»:
Համաժողովի շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և ՌԴ առողջապահության նախարարության «Ն.Ն. Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի» միջև:
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ համաձայնագրի կնքումը կարևոր քայլ է, և բժշկական կենտրոնների փոխշահավետ համագործակցությունն ապագայում շոշափելի արդյունքներ կտա: