Որքան որ Աննա Հակոբյանը կցանկանա, որ Աննա Վարդապետյանն իրեն ուղեկցի, նա հենց այդպես էլ կանի՝ անկախ նրանից՝ կողքին «Պերֆեկտ TV»-ի ձա՞յնը կլինի, թե՞ շորթման համար դատապարտված ինչ-որ նախկին «լրագրող»
Երեկ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Ազգային պատկերասրահում Հայաստանի տարբեր մարզերը և ամենատարբեր ոլորտները ներկայացնող 100-ից ավելի կանանց հետ ամփոփեց անցնող տարին։
Ինչպես շատ հաճախ նմանատիպ միջոցառումների ժամանակ, նրան ուղեկցում էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Առհասարակ Աննա Վարդապետյանի ջերմ հարաբերությունները Փաշինյան ընտանիքի հետ առաջին անգամ չեն ի ցույց դրվում:
Այս տարվա մարտի 8-ին էլ, երբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մասնակցում էր «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով՝ Աննա Հակոբյանի կազմակերպած համաժողովին, նրան ելույթի համար բեմ հրավիրեց ու ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը:
Հենց այդ ժամանակ, ի դեպ, իմացանք, որ Աննա Հակոբյանի շրջապատում չի եղել ու չկա երջանիկ հայ կին, և, որ իր ասոցիացիաներում երջանիկ հայ կինն անառակ կինն է:
Այդ օրը նաև իմացանք, որ Աննա Վարդապետյանը, ով մինչ գլխավոր դատախազ դառնալը եղել է Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով օգնականը, ամեն Աստծո օր, երբ որ գնում է տուն, ինքը ռեֆլեքսիա է անում:
«Ես հետադարձ սկսում եմ հիշել իմ օրը և ինքս ինձ ազնիվ նշել այն կետերը, որտեղ ես սխալվել եմ, ու ինքս ինձ հետ աշխատել, որ հաջորդ օրն այդ սխալները ես չկրկնեմ: Դա ես չեմ անում՝ որպես գլխավոր դատախազ, դա ես արել եմ միշտ: Եվ ես կարծում եմ՝ յուրաքանչյուր կնոջ իմաստնության ճանապարհը սկսվում է հենց դրանից և այլոց հանդեպ, հատկապես հայ կանանց հանդեպ ունեցած հարգանքի և ապրումակցման կարողությունից»,- իր իմաստնության բանաձևն էր ներկայացրել գլխավոր դատախազը:
Աննա Վարդապետյանը հիմար չէ, որ չհասկանա՝ իր համար քաղաքական իշխանության հետ ուղիղ ու անթաքույց ասոցացումն ինչ հետևանքների ու ռեպուտացիոն կորուստների կարող է հասցնել, այդ թվում՝ նաև միջազգային գործընկերների շրջանում: Կան միջազգային ստանդարտներ, համաձայն որոնց՝ գլխավոր դատախազն իրավունք չունի նմանատիպ առնչություններ ունենալ քաղաքական իշխանության հետ: Գլխավոր դատախազությունը անկախ մարմին է, ու պարտավոր է նաև առերևույթ անկախ լինելու ընկալում ձևավորել հանրության մոտ:
Աննա Վարդապետյանը նաև շատ լավ հասկանում է, որ տեսականորեն հնարավոր է՝ շահերի բախում լինի, եթե մի օր, օրինակ, հաղորդում կամ տեղեկություն ստացվի, որ Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամում չարաշահումներ կան:
Իսկ Աննա Հակոբյանն այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
Գլխավոր դատախազն ունի հսկողական գործառույթ. Ինչպե՞ս է Աննա Վարդապետյանը պատկերացնում իր այդ գործառույթի իրականացումը նշված ենթադրյալ վարույթով:
Աննա Վարդապետյան-Աննա Հակոբյան համատեղ ոչ պարտադիր շփումները, նրանց մտերմության ցուցադրությունը, Փաշինյան ընտանիքի հետ կապն առհասարակ քաղաքական կոռուպցիայի ցցուն դրսևորում են:
Երեկվա միջոցառումը ևս մեկ անգամ հստակորեն ցույց տվեց, որ դատական ու դատախազական համակարգը սերտաճած է քաղաքական իշխանության հետ, և գործ ունենք երկուստեք հովանավորչության հետ:
Ըստ օրենքի՝ գլխավոր դատախազին կարող են պաշտոնանկ անել Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավորները: Աննա Վարդապետյանին ընտրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, և վերջինս էլ ցանկացած պահի, երբ գլխավոր դատախազը դուրս գա իրենց վերահսկողության տակից, 2 րոպեում պաշտոնանկ կանի նրան: Աննա Վարդապետյանը դա լավ գիտի, և բնական է, որ ամեն ինչ կանի՝ դրանից խուսափելու համար: Առավել բնական է, որ նա երբևէ չի համարձակվի «ոչ» ասել Աննա Հակոբյանին, և որքան որ Աննա Հակոբյանը կցանկանա, որ իր միջոցառումների ժամանակ Աննա Վարդապետյանն իրեն ուղեկցի, վերջինս հենց այդպես էլ կանի՝ անկախ նրանից՝ Աննա Հակոբյանի մյուս թևի տակ «Պերֆեկտ TV»-ի ձայն Ստելլա Սարուխանյանը կլինի՞, թե՞, ասենք, շորթման համար դատապարտված ինչ-որ նախկին «լրագրող»:
Էլ չենք խոսում այն մասին, որ հաշվետվություն ներկայացնելիս ՔՊ-ական որևէ պատգամավոր, իմանալով, որ գլխավոր դատախազն անմիջական շփում ունի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի ու հատկապես՝ Աննա Հակոբյանի հետ, համարձակվի նրան անհարմար հարցեր տալ:
Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝ նախկինում միշտ այս խնդիրը եղել է, դատախազությունը ցանկացել է ձերբազատվել սահմանադրական այդ դրույթից, սակայն չի ստացվել: