Բաժիններ՝

ԱՄՆ ևս 16 նահանգներում դատարանները քննարկում են ընտրություններին Թրամփի մասնակցությունն արգելելու վերաբերյալ հայցերը

ԱՄՆ առնվազն 16 նահանգների դատարանները քննարկում են 2024 թվականի նախագահական ընտրություններին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությունն արգելելու վերաբերյալ հայցերը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Ըստ քննարկվող հայցերի՝ նախկին նախագահը պետության ղեկավար ընտրվելու իրավունք չունի, քանի որ 2021 թ․ հունվարի 6-ի դեպքերի ժամանակ «ներգրավված է եղել խռովության մեջ», ինչը սահմանադրությամբ արգելված է պետական պաշտոն զբաղեցնող անձի համար։

Դեկտեմբերի 20-ին Կոլորադոյի գերագույն դատարանն աննախադեպ որոշում է կայացրել, համաձայն որի՝ Կոլորադո նահանգում Թրամփը չի կարող մասնակցել Հանրապետական կուսակցության ներկուսակցական ընտրություններին․ դրանք պետք է տեղի ունենան մարտի սկզբին, և արդյունքում պետք է կուսակցությունն առաջադրի նախագահական ընտրությունների իր թեկնածուին։

Թրամփի քարոզչական թիմը հայտնել է, որ կբողոքարկի Կոլորադոյի դատարանի որոշումը։ Արդյունքում նահանգի գերագույն դատարանը կարող է հետաձգել իր որոշումը մինչև հունվարի 4-ը՝ սպասելով ԱՄՆ գերագույն դատարանի որոշմանը: Եթե ԱՄՆ Գերագույն դատարանը որոշի քննել գործը, ապա Կոլորադոյի դատարանի որոշումը ժամանակավորապես կկասեցվի, և Թրամփը կկարողանա առաջադրել իր թեկնածությունը ներկուսակցական ընտրություններին, մինչև Գերագույն դատարանը վերջնական որոշում չկայացնի։ Բողոքարկման արդյունքում, հավանաբար, կսառեցվեն նաև մյուս դատական հայցերը։

2021 թ․ հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ կանխելու 2020 թվականի նոյեմբերի նախագահական ընտրությունների արդյունքների վավերացումը։ Անկարգությունների ընթացքում 5 մարդ է զոհվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս