Բաժիններ՝

Իսրայելի բանակը կրկին չորս ժամով ռազմական գործողությունների դադար է հայտարարել Գազայի հատվածի հարավում

Իսրայելական բանակը կրկին դադար է հայտարարել Գազայի հատվածի հարավում ծավալած ռազմական գործողություններում՝ տեղի բնակիչներին կենսականորեն անհրաժեշտ միջոցների հասանելիությունն ապահովելու համար։ Դադարը կտևի չորս ժամ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Պաղեստինի տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը:

Իսրայելի պաշտպանության բանակն ապահովում է մարտավարական դադարները հումանիտար նկատառումներով, որպեսզի խաղաղ բնակչությանը թույլ տա համալրել ուտելիքի և ջրի պաշարները:

«Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, դադարը սահմանվում է Ռաֆահի Ալ Սալյամի շրջանում ժամը 10:00-ից մինչև 14։00-ն (խմբ․՝ Երևանի ժամանակով ժամը 12:00-ից մինչև 16:00-ը)»,- ասված է վարչության X սոցիալական հարթակի էջում:

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ էր սպանվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ 7-օրյա հրադադարի ընթացքում շուրջ 100 գերի փոխանակվել է Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցիների հետ։

Գազայի առողջապահական իշխանությունների հայտնած վերջին տվյալների համաձայն՝ Իսրայելի հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է առնվազն 20 000-ի, այդ թվում՝ 8000 երեխա։ Վիրավորների թիվը գերազանցել է 52 500-ը․ նրանց թվում կա 8663 երեխա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս