Բաժիններ՝

Շախմատի ԱԱ-ում մոտիվացիայի պակաս չի լինի. Հայկ Մարտիրոսյան

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի արագ շախմատի առաջնության արծաթե մեդալը համարում է լավ սկիզբ աշխարհի առաջնությունից առաջ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանը: «Շատ հետաքրքիր մրցաշար ստացվեց: Առաջին անգամն էր, որ մասնակցում էի Եվրոպայի արագ շախմատի առաջնությանը: Միշտ, ցանկացած մրցաշարի մասնակցելիս, տրամադրվում եմ մեդալային տեղերի համար պայքարելու, այս անգամ էլ բացառություն չէր: Առաջնության ամբողջ ընթացքում լավ ստացվեց, քանի որ մինչև նախավերջին տուրն առաջին տեղում էի: Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ իմ արդյունքից»,-ասաց Մարտիրոսյանը:

Վերջինիս խոսքով` Եվրոպայի այս առաջնությունը նախապատրաստական փուլ էր աշխարհի արագ և կայծակնային առաջնությունների համար:

«Նախորդ տարվա աշխարհի առաջնությունում նվաճած բրոնզե մեդալն առավել մեծ վստահություն է ներշնչում ինձ: Դասական շախմատից հետո` ուժեղ կողմիցս մեկն արագ շախմատն է: Եվրոպայի այս առաջնությունը տարբերվեց նրանով, որ ռուս շախմատիստները սկսել են հանդես գալ այլ երկրների դրոշների ներքո և այս կերպ առաջնությունն էլ ավելի էր ուժեղացել»,-ասաց նա:

Խոսելով դեկտեմբերի 26-ին մեկնարկող աշխարհի արագ և կայծակնային ԱԱ-ի մասին` Մարտիրոսյանն ընդգծեց, որ ձգտելու է առաջին հերթին հաճույք ստանալ իր խաղից:

«Աշխարհի այս առաջնությունում մոտիվացիայի պակաս չի լինի: Խաղում են աշխարհի ուժեղագույն շախմատիստները»,-առանձնացրեց նա:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը դարձել էր արագ շախմատի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած մրցաշարում, Մարտիրոսյանը չկրելով ոչ մի պարտություն, 11 հնարավորից հավաքել էր 9 միավոր և զբաղեցրել էր երկրորդ տեղը: Առաջնության հաղթող դարձել էր գրոսմայստեր Ալեքսեյ Սարանան, ով վաստակել էր 9.5 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս