Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Սլուցկիին առաջադրել է ՌԴ նախագահի թեկնածու
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) 35-րդ նախընտրական համագումարը կուսակցության գործող ղեկավար Լեոնիդ Սլուցկիին առաջադրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների թեկնածու։
Որոշումն ընդունվել է գաղտնի քվեարկությամբ։ Քվեաթերթիկում ընդգրկվել է մեկ թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին։
Քվեարկությանը մասնակցել է 108 պատվիրակ։ 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ավելի վաղ Սլուցկին չէր հայտարարել պետության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու պլանների մասին, թեև խոստովանել է, որ նման առաջարկներ ստացել է իր կուսակից գործընկերներից։ Դումայի խմբակցությունների ղեկավարների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ Սլուցկին պետության ղեկավարին խնդրել է առանձնազրույցի ձևաչափով քննարկել նախընտրական քարոզարշավը։ Ավելի ուշ նա ՏԱՍՍ-ին հայտնել է, որ այս զրույցի ընթացքում քննարկվել են այդ թվում «կուսակցական ճարտարապետության հարցեր»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտարարել է ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին։ Դաշնության խորհուրդն ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է, որ քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Այսպիսով, սրանք կլինեն առաջին եռօրյա նախագահական ընտրությունները Ռուսաստանի Դաշնությունում: