Բաժիններ՝

ԱՄՆ-ն և 9 այլ պետություններ համատեղ գործողություն են սկսել

ԱՄՆ իշխանությունները և մի շարք այլ պետություններ համատեղ գործողություն են սկսել Կարմիր ծովում նավագնացության ազատությունն ապահովելու համար՝ հաշվի առնելով Եմենի հութի ապստամբների հարձակումները։ Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հայտարարության մեջ։

«Եմենի հութիների անխոհեմ հարձակումների վերջին սրացումը սպառնում է ազատ առևտրին, վտանգի տակ է դնում անմեղ ծովագնացներին և խախտում է միջազգային իրավունքը», – ասված է հայտարարության մեջ:

Օսթինն ընդգծել է, որ Կարմիր ծովում նավերի ազատ անցումը չափազանց կարևոր է միջազգային առևտրի համար, հետևաբար, «նավագնացության ազատության հիմնարար սկզբունքի պահպանման ձգտող ազգերը պետք է միավորեն ուժերը» և արձագանքեն հութիների կողմից առևտրային նավերի վրա իրականացվող հարձակումներին։

«Այդ նպատակով ես հայտարարում եմ «Բարգավաճման պահապան գործողության» ստեղծման մասին, որը կարևոր նոր միջազգային նախաձեռնություն է», – նշել է Օսթինը։

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ գործողությունը նպատակաուղղված կլինի «Կարմիր ծովի հարավում և Ադենի ծոցում անվտանգության մարտահրավերներին համատեղ արձագանքմանը՝ ապահովելու բոլոր երկրների նավարկության ազատությունը և ամրապնդելու տարածաշրջանային անվտանգությունն ու բարգավաճումը»:

Գործողության մասնակիցները կլինեն Մեծ Բրիտանիան, Բահրեյնը, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Սեյշելները և Իսպանիան։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման՝ Իսրայել ներխուժմանը հաջորդեցին Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծությունները և ցամաքային ներխուժումը։ Հութիները հայտարարել են, որ Իսրայելի հետ կապված նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ ալ Մանդեբի նեղուցի ջրերով մինչև պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունը չդադարեցվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս