Ֆրանսիան 15 մլն եվրոյի հրատապ օգնություն կհատկացնի Հայաստանին

Ֆրանսիան 15 մլն եվրոյի հրատապ օգնություն կհատկացնի Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար:

Այս մասին հայտարարություն է արել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը:

Հայտարարությունում շեշտվում է, որ Ֆրանսիան կշարունակի իր աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։ Նշվում է, որ նոյեմբերի 30-ին խորհրդարանը քվեարկությամբ հավանություն է տվել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի փախստականներին 15 մլն եվրոյի հրատապ օգնություն հատկացնելուն:

«Այս լրացուցիչ օգնությունը կօգնի աջակցել հասարակական կազմակերպությունների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, Հայկական Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի գործակալությունների ջանքերին` ընդունելու և հոգալու հատկապես խոցելի բնակչության սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական կարիքները: Այս վերջին օգնության փաթեթը 2023 թվականի մեր աջակցությունը հասցնում է 27.5 միլիոն եվրոյի»,-հայտարարում են Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունից:

Նշվում է նաև, որ Հայաստանի իշխանություններին են փոխանցվել շտապ բուժօգնության պարագաներ, իսկ ֆրանսիական հիվանդանոցները բուժում են այրվածքներով մի քանի հիվանդների։ Այս աջակցությունն ուղեկցվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայ ժողովրդին օգնության համար դրամահավաքի ջանքերով:

Տեսանյութեր

Լրահոս