Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում
Հայաստանի ազգային ժողովը Հայկուհի Հարությունյանին չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում:
Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել քվեարկությանը:
Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ չի մասնակցելու ընտրության քվեարկությանը:
Ավելի վաղ Հարությունյանն ասել էր, որ իր գործունեության սկզբում իշխանության կողմից մեկ զանգի տեսքով ճնշում է եղել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ՔՊ–ականները Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդար են իրականացնում, քանի որ նա հանդգնել է կասկածի տակ դնել ՔՊ-ականների հայտարարագրերը և մոտ 2 տասնյակ պատգամավորի դեմ վարույթ է հարուցել։
«Խորապես հիասթափված եմ Հայկուհի Հարությունյանի երեկվա ճեպազրույցից և նրա հնչեցրած մտքից, թե մենք փորձում ենք իր վրա ճնշում գործադրել։ Մեդիաարշավ է իրականացվում ՔՊ-ի դեմ, որն ուղղորդվում է կուսակցության հետ փակ հանդիպումներից դուրս եկած ինֆորմացիայով։ Սա անընդունելի է։ Ֆեյսբուքի գրառումներով ՔՊ–ին ճնշելն անհնար է, այլ գործիքներով են ռեալ կյանքում փորձել ճնշել մեզ, բայց հանդիպել են շատ հաստ ու անանցանելի պատի»,- ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Նշենք, որ հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է նաև Նարինե Ավետիսյանը, որն աշխատել է Մարտունու քաղաքապետարանում, որոշ մասնավոր ընկերություններում, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։
Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է մրցութային խորհրդի որոշմամբ: Հայկուհի Հարությունյանը 2019 թվականին նոյեմբերին ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, որից հետո հանձնաժողովի կողմից ընտրվել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որը զբաղեցրել է մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ այս տարվա նոյեմբերի 19-ը: Հարությունյանն այս տարվա հոկտեմբերի 25-ին հայտ էր ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր դառնալիք պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու համար, և նոյեմբերի 20-ին մրցութային խորհուրդը հաստատել էր նրա թեկնածությունը: