Քննչական կոմիտեն մտածում է՝ հարուցի՞ քրեական վարույթ Զոյա Թադևոսյանի գրառման առնչությամբ, թե՞, այնուամենայնիվ, կմոռացվի
Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը սեպտեմբերի 24-ին ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել, որը վերաբերում էր սոցիալական ցանցում տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանի գրառմանը։
Հիշեցնենք՝ Զոյա Թադևոսյանն արցախցիների նկատմամբ ատելության ու թշնամանքի խոսք գեներացնող գրառում էր կատարել:
«Սույն անձի գրառումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի՝
«Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը» վերտառությամբ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն է անձանց խմբի նկատմամբ ազգային և
էթնիկ ծագումով ու քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանքը։ Պատասխանատվություն պիտի կրեն, այդ թվում հանրային պարսավանքի պիտի արժանանան բոլոր նրանք, ովքեր կփորձեն պառակտել մեզ ու թշնամանք տարածել»,- մասնավորապես գրել էր ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ առավել ցավալին այն է, որ այս մտքերի հեղինակը լսարան է մտնում։
Հաղորդումից օրեր անց գլխավոր դատախազությունից 168.am-ին տեղեկացրեցին, որ Լիլիթ Գալստյանի հաղորդումը Զոյա Գալստյանի դեմ ուղարկվել է Քննչական կոմիտե (ՔԿ)՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
Քննչկական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ հաղորդումն ստացել ենք, քննարկման փուլում է։
Քննչական կոմիտեն, որը ինքն էլ չի խորշում արցախցիներին թիրախավորել իր հաղորդագրությունների մեջ, թերևս հույսի ունի ձգձգել այնքան, մինչև կմոռացվի Զոյա Թադևոսյանի հակաարցախյան գրառումը: