Արևմուտքից այս ռեգիոնում անվտանգային բաղադրիչով ոչ մի երկիր կամ կառույց չի հայտնվելու․ Եվսեև

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Տուլա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Տուլա չի մեկնել և չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին»,- ավելի վաղ հայտնել էր ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ Սակայն նշենք նաև, որ ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն էր տարածել առ այն, որ այսօր Տուլայում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը։

Արցախից ժողովրդի բռնի տեղահանության ֆոնին Հայաստանում օրեցօր խորացվում են հակառուսական տրամադրությունները, ավելին, ՀՀ իշխանությունները կայացնում են որոշումներ, որոնք սպասելիորեն առաջացնում են ՌԴ բացասական արձագանքը, և այդ հարցերից մեկը Հռոմի ստատուտի վավերացումն է, որը, ըստ ՌԴ նախագահի խոսնակի, ընկալվելու է՝ որպես թշնամական քայլ։ Զուգահեռաբար Հայաստանը շարունակում է բոյկոտել Ռուսաստանի հովանու ներքո հետսովետական տարածքում անցկացվող անվտանգային բնույթի միջոցառումները, ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ԱՊՀ շրջանակում։ Իշխանական պրոպագանդան հասարակությանը նախապատրաստում է ՀՀ-ի ՀԱՊԿ-ից դուրս գալուն, և ըստ մի շարք գնահատականների՝ հեռու չէ այն օրը, երբ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից։

168am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ ՀԱՊԿ-ը լքելը երևի թե պետք չէ դիտարկել հայ-ռուսական հարաբերություններից առանձին։

Ըստ նրա, մտահոգիչ միտումները խորանում են հայ-ռուսական հարաբերություններում, ինչն ունի թե օբյեկտիվ, թե ոչ օբյեկտիվ պատճառներ։

Նա նշեց, որ Երևանից հնչում են քննադատություններ ՀԱՊԿ-ի, խաղաղապահների և ՌԴ-ի՝ որպես անվտանգության երաշխավորի, հասցեին, և սա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Ռուսաստանն ինքն ունի լրջագույն խնդիրներ։

«Սակայն հարց է ծագում` Հայաստանի անվտանգային խնդիրները վերացե՞լ են, ո՞վ է փոխարինելու Ռուսաստանին Արևմուտքից` ՆԱ՞ՏՕ-ն։ ՆԱՏՕ-ն նույնիսկ Ուկրաինային չի ներառում իր կազմ, իսկ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի և Արևմուտքի վստահությունը վայելում է Թուրքիան, չնայած Թուրքիա-Արևմուտք խնդիրներին ու տարաձայնություններին։ Ռուսաստանը՝ որպես դաշնակից, հանդես է եկել իր հնարավորությունների շրջանակում։ Պետք է նաև հաշվի առնել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում և հատկապես, երբ սկսվեց Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիան Ուկրաինայում, Թուրքիայի դերն էլ ավելի աճեց Ռուսաստանի համար: Ռուսաստանն ունի իր շահերը Հարավային Կովկասում, որոնք Հայաստանով չեն սահմանափակվում, ու սա օգտագործվում է Ռուսաստանի դեմ։ Սակայն, երբ խոսք է լինում ՀԱՊԿ-ը լքելու մասին, ապա պետք է հասկանալ, որ Արևմուտքից այս ռեգիոնում անվտանգային բաղադրիչով ոչ մի երկիր կամ կառույց չի հայտնվելու։ Այսինքն՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը ոչինչ չի փոխելու Հայաստանի համար։  Խաղաղապահներից կային դժգոհություններ, գուցե խաղաղապահ կոնտինգենտը չի արդարացրել բոլոր կողմերի սպասելիքները, սակայն նաև նրանց բացակայությունը կրկին խնդրահարույց էր լինելու տեղի բնակչության համար։

Իհարկե, Ղարաբաղյան թեմատիկան մի առանձին ծավալուն թեմա է, ու ցավալի է, որ այսօր չի հաջողվել ապահովել բնակչության անվտանգությունն այնպես, որ նման մասշտաբային ու ծանր տեղահանություն տեղի չունենա։ Բանակցությունները հենց դրա համար էին, և գլխավորապես այս հարցը պետք է լուծվեր։

Արևմուտքը ցանկացավ, որ բանակցությունները տեղափոխվեն Արևմուտք, և ի՞նչ ստացվեց։ Բոլոր սլաքներն ուղղվում են Ռուսաստանին, բայց վերջին մեկուկես տարվա բանակցությունները տեղի են ունեցել Արևմուտքում ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ։

Պետք է օբյեկտիվ լինել և մատնացույց անել, վերլուծել, ԼՂ-ում եղել են ռուս խաղաղապահներ, որոնց դեմ ակտիվ աշխատել է Ադրբեջանը՝ ցանկանալով հանել նրանց, չեն ունեցել հստակ համաձայնեցված մանդատ, իսկ բանակցությունները եղել են Արևմուտքում, Արևմուտքը չունի՞ արդյոք որևէ պատասխանատվություն այս իրավիճակում։ Սա, իհարկե, հռետորական հարց է»,- ասաց Եվսեևը։

Ռուսաստանը, նրա կարծիքով, այնպիսի փուլում է, երբ Հայաստանի հետ հարաբերությունների հարցերը և Հարավային Կովկասը երկրորդ պլան են մղվել։ «Սրանից, իհարկե, փորձեցին օգտվել թե Թուրքիան, թե Արևմուտքը։ Ռուսաստանը, ըստ իս, չի խորացնի լարվածությունը Հայաստանի հետ հարաբերություններում, սակայն հարաբերությունների ապագան խիստ անկանխատեսելի է»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս