«Կան ծայրահեղ ծանր վիճակում պացիենտներ՝ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար». Անահիտ Ավանեսյան
Այսօր լրագրողները Գորիս այցելած Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցին Արցախից Հայաստան այրվածքներով տեղափոխված բուժառուների, ինչպես նաև մի բուժառուի մասին, ով ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ սակայն հարազատները նրան որևէ հիվանդանոցում չեն գտնում։
«Մենք ունենք միասնական տվյալներ, այսինքն՝ մեր բոլոր բուժհաստատություններում գտնվող պացիենտների ցանկը ամբողջականացված հասանելի են մեր թեժ գծի պատասխանատուներին։ Եվ նրանք տիրապետում են, եթե պացիենտը բուժհաստատությունում է, ապա մենք նրա տվյալներն ունենք, իսկ եթե այդ ցանկում չկա, գիտեք, որ Արցախի կողմից հայտարարվել էր, որ պայթյունի ժամանակ եղել են նաև անհայտ կորածներ, պետք է ճշտել։
80-03 «թեժ» հեռախոսահամարով կարող են զանգահարել, և մարդկանց ամբողջական տեղեկատվություն կտան»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։
Ըստ Առողջապահության նախարարի՝ այրվածքները երկար վերականգնման շրջան են ունենալու, և այդ ամբողջ ընթացքը պլաստիկ վիրաբույժների և այլ անհրաժեշտ մասնագետների միջոցով ապահովելու են։
«Ընդհանուր առմամբ 140-ից ավելի պացիենտներ տեղափոխվել են բժշկական կենտրոններ միայն այրվածքներով։ Կան ծայրահեղ ծանր վիճակում պացիենտներ՝ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։
Ինչ վերաբերում է նույնականացման աշխատանքներին, ապա ասեմ, որ առաջիկայում դրանք կսկսվեն, երբ առջնային աշխատանքները կանենք»,- եզրափակեց նա։