Մեզ համար շատ ցանկալի է, որ ՊԲ զինծառայողները ծառայության ընդգրկվեն ՀՀ ՊՆ-ում. ՀՀ ՊՆ փոխնախարար

«Մենք պետք է իրականացնենք ուսումնասիրություն, և մեր այն զինծառայողները, որոնք ցանկություն կունենան ընդգրկվելու ՀՀ ԶՈւ-ում ծառայության՝ մենք կանենք ամեն ինչ՝ նրանց այդ հնարավորությունն ընձեռելու համար»,- վստահեցրեց այսօր ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Արցախից Հայաստան տեղափոխված զինվորականների հետ գործակցելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

«Մեզ համար շատ ցանկալի կլինի, որպեսզի ՊԲ զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ Պաշտպանության նախարարությունում: Նրանք մեր հայրենակիցներն են, և իրենց փորձը, զինվորական գիտելիքները ծառայեցնեն ՀՀ ԶՈՒ-ին»,- լրագրողների հետ ճեպազրույցի  ընթացքում հայտարարեց փոխնախարար Արման Սարգսյանը:

Իսկ նախատեսվող աշխատանքները, ըստ փոխնախարարի, պետք է իրականացվեն կադրային քաղաքականության վարչության միջոցով: ՊԲ-ում ներգրավված զինծառայողները, Սարգսյանի գնահատմամբ, նաև կդիմեն նախարարություն՝ աշխատանքի համար:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք աշխատանքներ տարվում են նաև Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանին աշխատանքով ապահովելու ուղղությամբ:

Կարդացեք նաև

«Ես խոսում եմ զինվորականների մասին, որոնք եղել են գործող զինվորականներ՝ ՊԲ-ում: Սամվել Բաբայանը, իմ տեղեկությամբ, նախկին զինվորական է»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ սահմանամերձ հատվածներում այս պահին առկա իրավիճակին՝ փոխնախարարը հայտնեց, որ վիճակը հարաբերականորեն կայուն է: Նրա խոսքով՝ ՀՀ ՊՆ-ն ուշիուշով հետևում է առկա իրավիճակի դինամիկային և իրավիճակի որևէ փոփոխության դեպքում գերատեսչությունն անմիջապես կիրազեկի բնակչությանը:

Փոխնախարարը չցանկացավ մանրամասնել ադրբեջանական ԶՈւ-երի կուտակումների հստակ վայրերի մասին: Կոչ արեց բավարարվել կառավարության նիստերին հնչեցված ու գերատեսչության կողմից ավելի վաղ հրապարակված տվյալներով:

«Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով սահմանային գոտում է հայտնվել: Եթե սահմանային կուտակումներ լինում են, ապա դա վերաբերում է բոլոր հատվածներին: Մի տեղ ավել, մի տեղ պակաս, մի տեղ մի զինատեսակ ավել, մի տեղ մի զինատեսակ պակաս: Կարևորը՝ այս պահին սահմանային վիճակը հարաբերականորեն կայուն է, և լարման միտում, գոնե այն պահին, երբ մենք զրուցում ենք, չի նկատվում»,- ասաց ՀՀ Պաշտպանության փոխնախարարը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս