Սամվել Բաբայանը հարվածի տակ է դրել մարդկանց, ովքեր Ադրբեջանի սև ցուցակներում են. Տիգրան Աբրահամյան

Վերաքննիչ դատարանում քննվում է Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հարցազրույցին և դրան հաջորդած՝ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը:

Պատգամավորի խոսքով, այն, որ Սամվել Բաբայանն առանց որևէ խնդրի, անցագրային ռեժիմի կամ առանձնահատուկ վերաբերմունքի՝ կարողացել է անցնել և հասնել Արցախից Երևան, հարվածի տակ է դրել բոլոր այն մարդկանց, որոնք ադրբեջանական հավանական ցուցակներում էին:

«Ավելին, նրա հայտարարությունից հետո բազմաթիվ տեղեկություններ կան, որ այսօր արդեն տարբեր մարդկանց մեքենաները շատ ավելի խիստ են ստուգում, նկատելի է, որ կոնկրետ մեքենաների նկատմամբ կա ուշադրություն: Այսինքն, կան որոշակի գործողություններ, որոնց մասին վտանգավոր եմ համարում փակագծեր բացել: Բայց այն, որ երեկվանից ադրբեջանական կողմը որոշակի միջոցառումներ ձեռնարկում է, դա չի սահմանափակվում միայն Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածով: Անկախ նրանից՝ ինչ քաղաքական դիրքորոշում ունի, ցանկացած հայի ձերբակալությունն Ադրբեջանի կողմից խիստ մտահոգիչ է, և պետք է մղի բոլորիս ակտիվ գործողությունների՝ միջազգային կառույցների և տարբեր դերակատարների հետ»,- ասել է Աբրահամյանը և հավելել, որ Սամվել Բաբայանը բացառապես սպասարկում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական և քարոզչական օրակարգը:

Կարդացեք նաև

«Նրա հայտարարությունները բացառապես դրա ներքո են: Սա առաջին դեպքը չէ: Ակնհայտորեն երևում է, որ այդ մարդուն ոչ Արցախն է հետաքրքրում, ոչ արցախցին, ոչ հայը, ոչ էլ հայրենիքը: Այս պահին Սամվել Բաբայանը խնդիր ունի դրված և աշխատում է Նիկոլ Փաշինյանի թեզերը հանրության տարբեր հատվածներին հասցնելու վրա, այս պահին բացառապես դրանով է զբաղված»,- ընդգծել է Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս