Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը, սակայն ի՞նչ կստանա Արևմուտքից անվտանգության ոլորտում․ Խրամչիխին
Ռուսաստանը հերթական անգամ անդրադարձել է ՀՀ իշխանությունների՝ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ կշտամբանքին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հանդես է եկել հատուկ ուղերձով՝ ասելով, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներն ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված է ՀՀ-ն, արդյունավետ չեն Հայաստանի Հանրապետության պետական շահերի և անվտանգության տեսակետից:
«Սա երևաց թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ 2021թ. մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե՛ 2022թ. սեպտեմբերին, և ցանկը դեռ կարելի է շարունակել: 2020թ. դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Խծաբերդի և Հին Թաղերի գրավումն ու 60-ից ավելի հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ահաբեկման բազմաթիվ արտահայտությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա՝ լրջագույն հարցեր են բարձրացնում նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության նպատակների և մոտիվների մասին»,- ասել էր Փաշինյանը՝ կոչ անելով և հորդորելով ՀՀ գործընկերներին հարգել ՀՀ-ն ու ինքնիշխանությունը։
«Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները մեր անկախությունը պաշտպանելու համար: Այս առումով անհրաժեշտ է վերափոխել, լրացնել, հարստացնել Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության գործիքները՝ համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ»,- նշել էր Փաշինյանը՝ հստակեցնելով, որ Հայաստանը անցնելու է արտաքին քաղաքականության այլ ձևաչափի։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր, անդրադառնալով այս հայտարարություններին, ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում և դրա ավարտից հետո ռուս խաղաղապահների գործողությունները կշտամբանքի տեղիք չեն տալիս, և նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքներն անհիմն են։
«Մենք համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի և մեր խաղաղապահների վրա բարդելու փորձերի հետ. խաղաղապահներն իրական հերոսություն են ցուցաբերել և կատարել են իրենց գործառույթները։ Անհնար է կշտամբել խաղաղապահներին ինչ-որ բան սխալ անելու համար»,- ասել է Պեսկովը։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է երկխոսությունը Հայաստանի և Փաշինյանի հետ, Երևանը մնում է դաշնակից. «Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մերձավոր պետությունը, Հայաստանը մեզ հարազատ ժողովուրդ է, գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում, շատ ավելին: Մենք շարունակելու ենք կատարել մեր գործառույթները, շարունակելու ենք երկխոսությունը հայկական կողմի, Փաշինյանի հետ: Մենք կշարունակենք աշխատել, որպեսզի հարգվեն Ղարաբաղի բնակիչների բոլոր իրավունքները՝ նկատի ունենալով ղարաբաղցի հայերին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ շատ վաղուց էր պարզ, որ Հայաստանը պատրաստվում է լքել ՀԱՊԿ-ը և դա ամենայն հավանականությամբ տեղի կունենա մոտ ապագայում։
Ըստ նրա, Ռուսաստանում սա լավ տեսնում ու հասկանում են, սակայն չեն ցանկանում հակառուսական տրամադրությունները պաշտոնական մակարդակում շատ ավելի խորացնել՝ սպասելով հետագա զարգացումներին, ինչպես նաև կենտրոնացած լինելով սեփական խնդիրների վրա։
«Ես մշտապես պնդել եմ, որ Ղարաբաղում ռուսական կոնտինգենտը նախ շատ փոքրաթիվ է, չունի հստակ մանդատ, որը նրան տալիս է հստակ գործողությունների հնարավորություն, սա. այո, խնդրահարույց է և կարող է հայաստանյան հասարակության շրջանում հիասթափության պատճառ դառնալ։ Ինչպես նաև շատ ավելի լայն աշխարհաքաղաքական ֆոն կա, որ ՌԴ-ն խուսափել է սրել հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, իսկ Թուրքիան ներկայումս Ռուսաստանի համար ամենակարևոր երկրներից մեկն է, ում հետ պահպանվել են բնականոն հարաբերություններ Ուկրաինայի զարգացումներին զուգահեռ։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կանխատեսելի են զարգացումները, Ղարաբաղի հարցը ՀՀ իշխանությունները համարում են փակված, ՀԱՊԿ անդամակցության դադարեցման թեման կբերվի առաջին պլան՝ իր բոլոր հետևանքներով, որոնք կունենան իրենց բացասական հետևանքը հայ-ռուսական հարաբերությունների համար, սակայն դա անվտանգության ոլորտում որևէ այլ առավելություն Հայաստանին չի տալու, քանի որ ՆԱՏՕ-ի անդամակցության հեռանկար Հայաստանը չունի։ Ավելին՝ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ն Թուրքիան է։ Անվտանգության ոլորտում արդյունավետ ի՞նչ գործիքներ ու մեխանիզմներ է գործարկելու Արևմուտքը ՀՀ անվտանգության համար, կարծում եմ՝ Արևմուտքը ձգտում է, որ տեղում բոլոր հարցերը լուծվեն և անվտանգային որևէ միջոցառման կարիք չլինի, կամ ռեգիոնը համակարգի Թուրքիան»,- ասաց նա։