Պայմանավորված պատերազմով տալու է միջանցքը. ունեմ նման կասկածներ. Էդուարդ Շարմազանով

«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, Էրդողանի ու Ալիևի կամակատա՞րը, միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Հայաստանն ու Արցախն ունեն երեք սպառնալիք՝ Էրդողան, Ալիև, Փաշինյան»,- Հանրապետության հրապարակում  համաժողովրդական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի այսօր հնչեցրած հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ եթե Արցախում էթնիկ զտում տեղի ունենա, ապա միակ մեղավորը ռուսներն ու ադրբեջանցիներն են։

Էդուարդ Շարմազանովի  խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն է թուրքին բերել այստեղ, նա է առանց կրակոցի 41 քկմ տարածք տվել թուրքին, առանց մեկ կրակոցի Գորիս-Կապան 21-րդ կմ տվել թուրքին, հայկական տարածքներն անվանել թուրքական անվանումներով, հրաժարվել կռվել Սև լճի 30 տոկոսի համար, նա է ստորագրել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան և 2022 թվականի հոկտեմբերին դավաճանաբար Արցախը հանձնել Ադրբեջանին։

«Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանը մնա, հերթով ամեն ինչ հանձնելու է, թող նա իր կերած բողկերը ուրիշի վրա չգցի։ Նիկոլ Փաշինյանը նման է այն անառակ որդուն, ով իր ծնողին հանձնում է ծերանոց ու հետո բողոքում, թե ծերանոցում նրան վատ են նայում։ Նա Արցախը հանձնել է, տվել ու անտեր է  թողել, հիմա էլ անտեր է թողնում Հայաստանի անկախությունը։ Ինչքան Հիտլերը  քրիստոնեության հետ կապ ուներ, այնքան էլ Նիկոլը կապ ունի ինքնիշխանության ու անկախության հետ։ Անկախության համար պայքարողը 41 քկմ տարածքը հենց այնպես կտա՞ թուրքին։ Անկախության համար պայքարողն առանց դելիմիտացիայի թույլ կտա՞, որ ադրբեջանական մաքսակետ դրվի, Նիկոլը մնաց՝ այստեղ կդրվի Քեմալ աթաթուրքի արձանը։ Նիկոլը Հայաստանը տանում է դեպի թրքացում՝ կա՛մ կլինի Հայաստան, կա՛մ կլինի վիլայեթ։

Ունեմ շատ խիստ կասկածներ, որ ինչպես պայմանավորված պատերազմով Արցախը տվեց, այդպես էլ պայմանավորված պատերազմով միջանցք է տալու»,- շեշտեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս