Ի՞նչ աթոռակռիվ․ իսկ իրենք, ի՞նչ է, ազգապահպանությա՞մբ են զբաղված, երբ անգամ մեր հայրենակիցներին չեն փրկում․ Մարջան Ավետիսյան

Հուսանք՝ էլի առիթներ կլինեն գլուխներս բարձրացնելու, բայց այսօր գլխահակ ենք, ու պիտի փորձենք փնտրել այդ առիթները, որպեսզի կարողանանք նայել միմյանց աչքերին, գլուխներս բարձրացնել ու կանգնել մեր հողի համար։ Ինձ հույս է ներշնչում զոհվածի մայր տիկին Ալիսի՝ հանրահավաքի շարքերում լինելը, նաև այն բոլոր երիտասարդների, որոնց ծնողները գտնվում են Արցախում։ Նրանցից շատերը պարզապես լուր չունեն իրենց ծնողներից, հարազատներից, եղբայրներից։ Ալիսը ցավի հաղթահարման այնպիսի նշաձող է սահմանել, որ դրանից այն կողմ՝ մենք էլ ո՞վ ենք, որ Ալիսի կամ այդ երեխաների կողքին կանգնենք։ Մեր լալահառաչ տեքստերը, իրական ապրումակցումն այդ մարդկանց զրոյանում են։ Ալիսի, Աստղիկ Գալեյանի, այլ կանանց նման մարդիկ են այն հերոսները, որոնց կողքին պետք է կանգնել, և որոնք ավելի զուսպ են իրենց ցավի ու տառապանքի մեջ, քան բոլորս։ 168TV«#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց դերասանուհի Մարջան Ավետիսյանը։

«Չգիտեմ՝ այս շարժումն ուր է տանելու, բայց մենք Նիկոլի հետ ճանապարհ գնացել ենք, և այն ձախողումների ճանապարհ էր։ Ի՞նչ պետք է անել, ամեն օր նույն տեքստե՞րն ասել՝ եթե Նիկոլը չի, ապա ո՞վ է։ Դադարեցրե՛ք, վե՛րջ տվեք, մենք կործանվում ենք։ Այս բարոյախեղումն իրենց հետ եկավ։ Անընդհատ ասում են՝ երեսուն տարի, հերքում են այդ երեսուն տարին։ Ի՞նչ եք այսօր ուզում, ի՞նչ հիմքեր եք դնելու վաղվա համար, ի՞նչ եք պատմելու ձեր երեխաներին։ Եկեք ամենը նվիրենք, թող գան, մեր տունն էլ քանդեն, ինչպես արցախցու տունն են քանդում։ Հավատում եմ փոփոխությանը, քանի որ մարդիկ ամենաթանկին են տվել, ու գիտեն՝ ինչի համար են տվել։ Գուցե մենք այդ ցավը լիարժեք չենք ապրել, մեզ ապրումակցումը չի հասցրել նրան, որ կարողանանք իրենց ցավը հասկանալ ու ոտքի կանգնել։ Այո՛, ցավից նաև կանգնում են։ Այսօր մենք պիտի փորձենք մեր ապրումակցումը հասցնել այնպիսի նշաձողի, որ կարողանանք կանգնել»,- ասաց արվեստագետը։

«Պիտի կանգնենք՝ հանուն տղաների թարմ շիրիմների, իրենց բռնած գործն ավարտելու, նպատակին հասցնելու։ Խնդիրն այն չէ՝ Նիկոլը գնո՞ւմ է, թե՞ ոչ, մենք դրա մեջ չպիտի մտնենք, մենք պիտի կանգնենք մեր հողի համար։ Պիտի լինի ոչ միայն սեր և հանդուրժողականություն, հատկապես որ, դրանք ասված խոսքեր են և բերեցին հակառակին։ Այս պայքարը պիտի անանձնական լինի։ Ոչ թե դուրս ենք գալիս, քանի որ Նիկոլից վրեժ ունենք լուծելու և նրան ատում ենք, այլ պիտի լինի անանձնական պայքար, մեկս մյուսի մասին մտածելով պիտի կանգնի։ Եթե մենք չմտածենք դրա մասին, կանգնելու ուժ չենք ունենա։ Մենք պիտի տեսնենք զոհվածների ծնողներին, որոնք այսօր մեզնից ուժեղ են, նայենք իրենց ու հանուն նրանց կանգնենք, քանի որ իրենք հանուն մեզ են տվել այն, ինչն ամենաթանկն էր։ Շեշտը պետք է դնել անանձնականի վրա։ Այս հողը ոչ թե կոնկրետ մեկին, այլ բոլորիս է պատկանում, ուստի մենք պարտավոր ենք երկու ոտքով ամուր և գլուխներս բարձր կանգնել»,- նշեց Ավետիսյանը։

Դերասանուհու կարծիքով՝ մենք առիթներ կունենանք տեսնելու այն բոլոր տոները, որոնք ունեինք, հատկապես բանակի օրը, երբ ամբողջ երկիրը ցնծում էր․ «Այսօր ունե՞նք տոն, որը կարող ենք հպարտությամբ նշել։ Չունենք։ Անկախության օրով լույսը բացվեց նրանով, որ հանձնեցինք մեր ամենաթանկ հողակտորը, որը պետության հիմքն էր։ Եթե սա աթոռակռիվ է, դա իրենց կողմից է գալիս։ Եթե տանում են այդ դաշտ, բա իրենք ինչի՞ համար են այդ դեպքում, նրանցն ի՞նչն է։ Իրենց քարոզչամեքենան է դա ասում, ի՞նչն է իրենցը, իրենցն էլ է աթոռակռիվ։ Եթե տանում են այդ դաշտ, ո՞րն է իրենցը՝ ազգապահպանությա՞մբ է զբաղված հենց հիմա, երբ հայրենակիցներին չի կարողանում հանել Արցախից։ Ո՞րն է սրա վերջը՝ այսպես մաշվելով պիտի գնա՞նք։ Արցախցիներն այնպիսի բաներ են գրում, ուզում ես կաթվածից մեռնել, ուզում ես՝ ռումբն ընկնի գլխիդ, չկարդաս դա։ Դեռ մեզ ուժ են տալիս, ասում են՝ մենք կանք, դուք այդտեղ մեր հարցը լուծեք»:

«Արցախցիները մեզ դեսպանի կարգավիճակ են տալիս, որ կարողանանք փրկել իրենց։ Իսկ այդ կարգավիճակն ընդամենը տնից դուրս գալն է։ Ձեր տան բակ կամ փողոց դուրս եկեք, ժամերով, ամիսներով, դարերով կանգնեք, ասեք՝ համաձայն չենք կատարվողին։ Ինչպե՞ս է Արցախը դիմում Հայաստանին՝ Մայր Հայաստան։ Ու ի՞նչ է անում այդ մայրը՝ իր ձագերին տալիս է թուրքին։ Եթե ունեք կասկած, կեղեքվում եք, նեղացած եք, դո՛ւրս եկեք, պատասխանատվություն վերցրեք։ Մենք իրար համար ենք պատասխանատու, և եթե այսօր իրար համար չկանգնեցինք, մեզ որևէ մեկը, որևէ այլ ազգ ծնկած վիճակից չի բարձրացնելու։ Պետք է դուրս գալ, այլ տարբերակ չկա։ Նիկոլի հետ գնացած ճանապարհը մենք գիտենք, նաև գիտենք, թե ուր ենք գնալու։ Եկեք գնանք այս երեխաների հետևից՝ հանուն մեր գոյության և փրկության»,- ամփոփեց Մարջան Ավետիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս