Վաղը Կառավարության նիստից առաջ՝ 10:00, շրջափակելու ենք շենքը. նիստը չի կայանալու. Վազգեն Մանուկյան
Այսօր Հանրապետության հրապարակում ի աջակցություն Արցախի հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ խոսելու ժամանակն ավարտվել է, պետք է սկսել գործողություն։
«Մենք դեռ շատ կհավաքվենք, կքննարկենք՝ այս իշխանությանը դուրս շպրտելուց հետո ինչ ճանապարհով է գնալու մեր Հայաստանը։ Բայց այսօր մեր աչքի առաջ արյունաքամ է լինում Արցախը, անպաշտպան, որևէ պաշտպան չունի։ Տղամարդիկ, կանայք պայքարում են, մինչև հիմա դեռ որոշ տեղերում պայքարը գնում է, ինչպե՞ս կարող է Հայաստանում նման իշխանություն լինել»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը և դիմելով ժողովրդին՝ ասաց, որ նրանք են իշխանությունը, քանի որ ՀՀ ներկայիս իշխանությունը գոյություն չունի։
Նա գնահատմամբ՝ այսօր մի շատ կարևոր բան է տեղի ունենում Երևանում, երբ մարդիկ ոչ թե ուղղորդվում, այլ ինքնակազմակերպվում են։
«Հիշում եք, ես ասում էի, որ 1988 թվականին մարդիկ ուղղորդվում էին ոչ թե կենտրոնից, այլ ինքնակազմակերպվում էին, ամեն մեկն իր գործն էր անում, և իշխանությունը չէր իմանում՝ որ կրակը հանգցնի, որովհետև մյուսն էր վառվում։ Այսօր դա էր կատարվում Երևանում։ Ասում են՝ մեր ժողովրդին զոմբիացրել են, չեն զոմբիացրել, զոմբիացված ժողվորդի մեջ այսպիսի երիտասարդություն չէր լինի։ Այս իշխանությունը մտածում է, որ մի երկու օր էլ հանրահավաք կանեն, մի երեք մեքենա էլ կվնասեն ու կհանդարտվեն ու կգնան տուն՝ չէ։ Այն ցեղասպանությունը, որը մեր իշխանության պատճառով տեղի ունեցավ Արցախում, մտնելու է Հայաստան։
Վաղն այս Կառավարության շենքում նիստ է լինելու, նիստից առաջ՝ 10.00, շրջափակելու ենք շենքը. նիստը չի կայանալու»,- ընդգծեց Վազգեն Մանուկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում