Նիկոլ Փաշինյանը սպառնում է պողպատյա մանդատով՝ բացահայտելով սեփական թավշյա վախերը

Նիկոլ Փաշինյանն այսօր, արդեն երկրորդ անգամ, հանդես եկավ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Առաջին անգամ թեման ՀՀ անկախության օրն էր, իսկ այս անգամ, ինչպես ինքն ասաց՝ «ինֆորմացիայի խառնիճաղանջությունը բավականին մեծ է՝ համացանցում և լրատվամիջոցներում», ուստի որոշել է իր ուղիղ եթերում ամեն ինչ «տեղը գցել»։

«Մարդիկ փորձում են գտնել ամենատարբեր տեղեկություններ, չեն գտնում, և դրա պայմաններում որոշակի վակուում է  առաջանում, որը լցվում է ապատեղեկատվությամբ»,- շեշտեց նա։

Խոսելով Արցախի Հանրապետությունում հրադադարի ռեժիմը խախտելու մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ըստ էության այն պահից, երբ հրադադարը հաստատվել է, գոնե մինչև այս պահը՝ իրենց ունեցած տեղեկատվությամբ՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին։

«Նույնը համապատասխանաբար վերաբերում է Ադրբեջանի ԶՈՒ-ին։ Այսօր մեր տեղեկություններով՝ մի միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում, ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է, բայց տեղ-տեղ որոշակի խախտումներ լինում են։

Կարդացեք նաև

Իհարկե, կան որոշակի կոմունիկացիաների դժվարություններ ու բարդություններ, ինչքան տեղեկացել եմ ԼՂ մեր գործընկերներից, նաև դեպի Մարտակերտ ու Մարտունի տանող ճանապարհներին որոշակի խնդիրներ կան, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է։ Մեր ամենամեծ ուշադրությունը վերցնող հարցերից  քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկություններն ուղղակի չեն համապատասխանում իրականությանը։ Այսինքն՝ պաշտոնական լրահոսով ինչ տրվել է, այդ է տեղեկությունը, դրանից դուրս տված տեղեկությունները ճիշտ չեն, ստուգված չեն, գոնե այս պահի դրությամբ մենք որևէ նման տեղեկատվության չենք տիրապետում։

Ոչ մի րոպե մի մոռացեք, որ ես ԼՂ-ի դեմ հարձակման առաջին օրը այս դահլիճից երբ եթեր եմ մտել, ասել եմ նաև, որ գործընթացի նպատակներից մեկը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։ Սա մի խնդիր է, որը նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել, և այն, որ ԼՂ-ում հրադադար է հաստատվել, սա չի նշանակում, որ այդ նպատակներն այլևս օրակարգում չեն այն մարդկանց, որոնք բերել էին օրակարգ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ,   Արցախի Տեղեկատվական շտաբի երեկ երեկոյան տարածած հաղորդագրությամբ՝ «Սպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան 400: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված տվյալով զոհերից 10-ը  խաղաղ բնակիչ է, որոնցից 5-ը երեխաներ են։

Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակելով ֆեյսբուքյան ելույթը, ևս մեկ անգամ ընդգծեց, որ ԼՂ-ում հայտարարված հրադադարի պայմանների քննարկման բանակցություններին Հայաստանը որևէ մասնակցություն չի ունեցել, այսինքն՝ այդ թղթի պայմանների քննարկման կողմ չեն եղել։ Սակայն տեղյակ են եղել գործընթացներից՝ առանց մասնակցության։

«Այդ գործընթացի վերաբերյալ ես իմ տարակուսանքը հայտնել եմ այն կտրվածքով, որ այնտեղ հիշատակվում է «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ԼՂ-ից դուրս բերելու» մասին, այն պայմաններում, որ մենք ասել ենք, որ նման ստորաբաժանումներ ՀՀ-ն ԼՂ-ում չունի։ Հրադադարի հաստատման գործընթացը տարել են ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները ԼՂ իշխանությունների կամ ներկայացուցիչների հետ, որովհետև որքան տեղյակ եմ՝ բոլոր որոշումները կայացվել են ԼՂ բարձրաստիճան ներկայացուցիչների ընդլայնված կազմով՝ խորհրդարանի ղեկավարության, կառավարության, նույնիսկ հրապարակվել է, որ ԼՂ նախկին ղեկավարներ են մասնակցել որոշման կայացմանը»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը հերքեց նաև այն տեղեկությունները, թե ՀՀ իշխանությունը չի ցանկանում Հայստանում ընդունել արցախահայությանը, շեշտելով, թե նման թեմա չի եղել, հավելելով, որ շաբաթվա սկզբին հանձնարարել է, որպեսզի աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղահանված անձանց փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու, նրանց տեղավորելու, նրանց կեցության և կենցաղային պայմաններն ապահովելու համար։

«Հյուրանոցների համարներ ենք ամրագրել, ընդհուպ կեցավայրեր ենք նախապատրաստել մի քանի տասնյակ հազար։ Սա արվել է շաբաթվա սկզբին, քանի որ երբ պրոցեսը սկսվեց, հասկանալի է, որ դա կարող էր լինել սցենարներից մեկը։ Ուզում եմ բաց և ուղիղ խոսել՝ ես նախորդ շրջանի իմ ելույթներում Ադրբեջանին մշտապես մեղադրել եմ այն բանում, որ նրանք փորձում են ԼՂ-ին ենթարկել էթնիկ զտումների։ Երկար ժամանակ է, մենք հանդես ենք գալիս այս մեղադրանքով Ադրբեջանի դեմ։ Հիմա երբ վերլուծում եմ իրավիճակը,  այնպիսի տպավորություն եմ ստանում, որ ուժեր կան, ովքեր ուզում են ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանը մեղադրվելու որևէ առիթ չունենա»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով Երևանում տեղի ունեցող ակցիաներին, Փաշինյանը հայտարարեց, թե տեսնում են՝  ովքեր, որտեղից և ինչպես են փորձում Հայաստանում ցնցումներ իրականացնել։

«Ուզում եմ ասել, որ դեռևս նախորդ օրը քրեական գործ է հարուցվել, շաբաթվա սկզբին էր, երբ առաջին դեպքերը եղան ոստիկանության նկատմամբ հարձակումների, քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների հոդվածով, նաև բռնության կոչերի, սահմանդրական կարգը բռնությամբ տապալելու կոչերով, այդ գործերով մի քանի տասնյակ ձերբակալված և կալանավորված անձինք կան։ ՀՀ իրավապահ համակարգը լիարժեք գործում է»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ մի նրբության կա․ «Մենք պետք է մեր ուշադրությունից դուրս չթողնենք, որ բռնություն գործադրելու ոմանց նպատակը ՀՀ իրավապահ մարմիններին ստիպելն է կամ այնպիսի իրադրության մեջ դնելն է, որ նրանք օրինակ ինքնատիրապետումը կորցնեն, անհամաչափ ուժ կիրառեն, ընդհուպ ամենատարբեր զարգացումներ լինեն։ Հիշում եք, չէ՞, որ մարդիկ արյուն հեղելու մասին էին խոսում, ընդամենը յոթ-ութ օր առաջ կամ տասը օր առաջ»։

Ըստ նրա՝ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այսօր, ինչպես տարիներ առաջ՝ իննսունյոթ-ութ թվականից, Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործվում է ներքաղաքական ինտրիգների համար։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, սակայն, այս ամենին աձագանքելու են շատ կոշտ․ «Ով ուզում է լինի՝ շատ կոշտ է լինելու արձագանքը։ Ես հասկանում եմ, որ մեր քաղաքացիներն ավելի կոշտ և օպերատիվ արձագանք են ուզում, լինելու է կո՛շտ, և՛ օպերատիվ արձագանք»։

Միևնույն ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ գործելու են կոշտ, բայց օրենքին, իրավունքին համապատասխան, պողպատե մանդատին համապատասխան։

«Բայց մենք մեր հայրենակիցներին սիրում ենք, նույնիսկ նրանց, ովքեր մեզ հայհոյում են, մենք չենք կարող ատելության տարափ լցնել մարդկանց գլխին, չենք կարող։ Իրավապահ համակարգն իր տեղում է, իրավակարգը գործում է, ձերբակալություններն են ընթանում, կշարունակեն տեղի ունենալ ձերբակալություններ, շատ կարևոր է, որ մեղավորները կրեն պատասխանատվություն, բայց թացը չորին չի խառնվի, այսինքն՝ այս խառը վիճակում կարող են լինել նաև մարդիկ, որոնք հետագայում կպարզվի, որ նրանց արարքներում հանցակազմ չկա, բնականաբար նրանց հետագա իրավական պատասխանատվության ենթարկելու ոչ մի քայլ չի ձեռնարկվի»,- ասաց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս