Գերմանիայի Բունդեսթագի պագամավորներն առաջարկել են վերանայել Ադրբեջանի հետ տնտեսական կապերը
Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) կոչ է արել Գերմանիայի իշխանություններին ազդակ ուղարկել Ադրբեջանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին, գրում է Frankfurter Allgemeine Zeitung թերթը:
«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Բաքվին, որ չենք ընդունում այս սառնասիրտ ագրեսիան»,- պնդել է Ռոթը: «Ինքնին հասկանալի է, որ դա կներառի տնտեսական հարաբերությունների վերանայում, եթե երկիրը, որի հետ առևտուր ես անում, ռազմական ուժի է դիմում»,- նախազգուշացրել է նա և հավելել, որ անհնար կլինի սովորականի պես բիզնեսով զբաղվել, եթե սկսվի նոր պատերազմ, որը «կվտանգի խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը ողջ տարածաշրջանում»:
Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մարի-Ագնես Շտրաք-Ցիմերմանը (Ազատ դեմոկրատական կուսակցություն) պաշտպանել է այդ դիրքորոշումը: «Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Բաքվին»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում: