Հայկ Մարությանն ընդդիմությանն առաջարկում է իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում կամ գնալ նոր ընտրությունների
Քիչ առաջ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հանդես եկավ իր առաջարկով:
«Ազգային առաջընթաց» կուսակցությունն առաջարկում է իր քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու։
«Մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք քաղաքապետի թեկնածու, խոսքը իմ մասին է, և մնացած ընդդիմադիր երեք ուժերը առանց որևիցե կոալիցիաներ կազմելու, առանց որևէ պայմանավորվածությունների, առանց ստվերային պայմանավորվածությունների, նախապայմանների գան և քվեարկեն այս թեկնածուի համար։ Իսկ ինչո՞ւ, քանի որ մենք ունենք քաղաքական և գաղափարական տարաձայնություններ», – հայտարարեց Հայկ Մարությանը։
Ըստ նրա՝ այդպես նաև հնարավորություն կլինի թույլ չտալ «Քաղաքացիական պայմանագրին» ունենալ քաղաքապետ իրենց խմբակցությունից։
Մեկ այլ տարբերակ ևս Հայկ Մարությանն առաջարկեց՝ գնալ նոր ընտրությունների: Նա նշեց, որ սպասում են անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի արձագանքին։
Մարությանը նաև վերահաստատեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը բացառում են։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրության նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած ուժերից որևէ մեկը չունի մեծամասնություն։
Ընտրողների ձայները բաշխվել են այսպես՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ավելի քան 75 հազար քվե կամ ձայների 32.5 տոկոսը, «Ազգային առաջընթացը»՝ ավելի քան 43 հազար քվե կամ ձայների 18,9 տոկոսը, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15,4 տոկոսը, «Հանրապետությունը»՝ 11,3 տոկոսը, «Հանրային ձայնը»՝ 9,7 տոկոսը։
Երևանի ավագանու 65 մանդատներից 24-ը կստանա «Քաղաքացիական պայմանագիրը», 14-ը՝ «Ազգային առաջընթացը», 12-ը՝ «Մայր Հայաստանը», 8-ը՝ «Հանրապետությունը» և 7-ը՝ «Հանրային ձայն» կուսակցությունը։ Եթե այս 2 շաբաթվա ընթացքում ավագանու անդամները չկարողանան համաձայնության գալ ու ընտրել քաղաքապետի, կանցկացվեն նոր ընտրություններ։
Հայտարարություններով են հանդես եկել նաև «Հանրային ձայն» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը։
«Հանրային ձայնի» փաստացի առաջնորդ, հետախուզվող Վարդան Ղուկասյանն ասել է՝ պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթացի» ու «Մայր Հայաստանի» հետ, համաձայն է, որպեսզի Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը լինեն Երևանի քաղաքապետ՝ պայմանով, որ իր կուսակցությանը կտրվեն վերահսկողական լծակները։
«Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանն, իր հերթին, չի բացառել համագործակցությունը մյուս ուժերի հետ՝ պայմանով.
«Մենք կարող ենք օգնել, որ ինքը համապատասխան ձայներ հավաքի, եթե պարզվի, որ կիսում է մեր գաղափարը: Որևէ պաշտոն չենք ուզում, վերահսկողական լծակ չենք ուզում: Պարտադիր է մեր մոտեցումը կիսելը»,-ասել է Անդրանիկ Թևանյանը: