475 ընտրատեղամասերից մեկը մի փոքր ուշացումով է բացվել․ ԿԸՀ նախագահի տեղակալ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը Նունե Հովհաննիսյանը ներկայացրեց իրավիճակային վերլուծության կենտրոնի ստացած ահազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը։ ԿԸՀ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հովհաննիսյանն ասաց, որ ամբողջ օրվա ընթացքում ԿԸՀ-ում ձևավորված իրավիճակային վերլուծության կենտրոնը աշխատում է և հետևում է սոցիալական կայքերում հրապարակված տեղեկատվությանը, ինչպես նաև ԿԸՀ-ի հրապարակած հեռախոսահամարների ահազանգերին, որոնց միջոցով ստանում են նաև տեղեկատվություն և հաղորդումներ ընտրատեղամասերում տարբեր միջադեպերի վերաբերյալ։
« Զարմանալի է, որ սոցիալական կայքերում նոր է հայտնվում , որ 475 ընտրատեղամասերից մեկը ուշացումով է բացվել։ Այդ դեպքը հենց առավոտյան արձանագրել էինք, ձեռնարկել էինք համապատասխան միջոցներ։ Այդուհանդերձ, պետք է ասեմ, որ թեկուզ մի փոքրիկ ուշացումով տեղամասային կենտրոնի բացման պատճառով որևէ ընտրողի քվեարկելու իրավունքի խախտման դեպք չի արձնագրվել։ Այսինքն՝ այդ պահին տեղամասային կենտրոնում քվեարկելու ցանկություն ունեցող դեռ չի եղել»,- ասաց Հովհաննիսյանը։
ԿԸՀ նախագահի տեղակալը տեղեկացրեց նաև, որ ընտրողները ահազանգում են, որ իրենց անձը հաստատող փաստաթղթերը գտնվում են տարբեր դեսպանատներում և վիզաների կենտրոններում, ինչով պայմանավորված տվյալ քաղաքացիները չեն կարող մասնակցել քվեարկությանը։ Նրա խոսքով ՝ հիմնականում քաղաքացիները բողոքում են անձնագրային ծառայությունների մոտեցումից, որ իրենց որևէ փաստաթուղթ չի տրամադրվում։
« Նշեմ, որ ընտրողի անձը հաստատող փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ տրամադրելու կարգը շատ հստակ սահմանված է և այն հիմքը, որ ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը գտնվում է վիզաների կենտրոնում, չի կարող հիմք հանդիսանալ ընտրողին անձը հաստատող փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ տրամադրելու։ Այդ իսկ պատճառով այդ ընտրողները չեն կարող որևէ այլ փաստաթղթով մասնակցել քվեարկությանը»,- եզրափակեց Հովհաննիսյանը։