ՔՊ-ական պատգամավորները տեղյակ չեն ադրբեջանական նոր առաջարկների բովանդակությունից
Այսօր ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն անդրադարձան Ադրբեջանին ուղարկված Հայաստանի առաջարկներին, որոնց երկու օր առաջ արձագանքել էր պաշտոնական Բաքուն: Իշխանական պատգամավորները նշեցին, որ ծանոթ չեն դրանց բովանդակությանը։
«Բավականին բարդ գործընթացի մեջ ենք գտնվում բավականին երկար ժամանակ, և որևէ մեկը չի ասել, որ խաղաղության և հարաբերությունների կարգավորման այս փաստաթուղթը հեշտ է տրվելու, որովհետև բազմաթիվ դրվագներում դեռևս մեր մոտեցումները հեռու են իրարից, դուք դա կարող եք հրապարակային տեսնել, նաև բուն գործընթացում է դա երևում։ Այո, հինգերորդ շրջափուլն է, որ առաջարկներով փոխանակվում ենք, հիմա ստացել ենք Ադրբեջանի առաջարկները, դրանք կուսումնասիրվեն, գործընթացը շարունակվում է և փակուղում չի գտնվում, որքան էլ որ իրավիճակը բարդ է, որքան էլ սահմանին ադրբեջանական զորքերի կուտակումներ կան»,- նշեց իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Արուսյակ Ջուլհակյանն էլ ասաց, որ կոնկրետ ադրբեջանական վերջին առաջարկներին դեռ ծանոթ չեն, չգիտեն՝ ինչպիսի առաջարկներ են ներկայացրել: Եվ չնայած համաձայնության դեռ չեն կարողանում հասնել, բայց շարունակում են բանակցել, որովհետև իրենց նպատակներից մեկը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելն է:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում