Եվրոպայի խորհրդի կոնգրեսը կհետևի Երևանի ավագանու ընտրություններին
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը դիտորդական առաքելություն է իրականացնելու Երևանում կայանալիք ավագանու ընտրություններում։
Կոնգրեսը հայտնել է, որ 9 հոգանոց պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականցվի սեպտեմբերի 15-ից 18-ը, Երևանի 12 ընտրատարածքներում։
Նախքան ընտրությունների օրը Կառլա Դեժոնգեի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Տարածքային կառավարման նախարարության և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, նախատեսված են հանդիպումներ Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, դիվանագիտական կորպուսի անդամների, ինչպես նաև տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
«Պատվիրակությունը նաև մտքերի փոխանակում կանցկացնի այս ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և թեկնածուների հետ», – նշված է հայտարարությունում։
Ընտրությունների օրը Կոնգրեսի յոթ թիմեր պատահականության սկզբունքով կտեղակայվեն Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում՝ ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքին հետևելու համար:
Պատվիրակությունը Կոնգրեսի կայքում նախնական եզրակացությունների շուրջ հայտարարություն կհրապարակի 2023 թ․ սեպտեմբերի 18-ին:
Պատվիրակության անդամները տարբեր երկրներից են, մասնավորապես՝ Բելգիայից, Դանիայից, Հունգարիայից, Վրաստանից, Շվեդիայից, Սերբիայից, Լատվիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից։
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։