Ծառայողական 006 LL 50 պետհամարանիշով ավտոմեքենայի արտոնյալ շահագործողը կամ ամենակարող Արայիկի Հովոն

Գաղտնիք չէ, որ Կառավարական Տուն 1 շենքի (Կառավարության շենք) բակ մեքենայով անարգել մուտք գործելու և այնտեղ կայանելու իրավունք ունեն միայն բարձրաստիճան սահմանափակ թվով պաշտոնատար անձինք՝ վարչապետը, փոխվարչապետերը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը և մի քանի այլ պաշտոնյա։ Այս անձանց ցանկում, սակայն, որևէ կերպ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականը, բնականաբար, չի մտնում ու չի կարող մտնել, սակայն, իհարկե, դա Նիկոլ Փաշինյանի մտերիմ ՔՊ-ական Արայիկ Հարությունյանի հովանավորյալներին չի վերաբերում:

Կառավարությանը մոտ կանգնած 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի արտոնյալ օգնական Հովհաննես Պողոսյանը 006 LL 50 օպերատիվ համարանիշով «Prado» մակնիշի ծառայողական մեքենայով անարգել մուտք է գործում Կառավարության բակ և այնտեղ կայանում։ Ընդամենը հիշեցնենք, որ օպերատիվ համարներով երթևեկությունը նշանակում է իրավունք ունենալ վարել առանց տուգանվելու՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Հիշեցնենք նաև, որ Հովհաննես Պողոսյանն էր Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հայտնի գլենդելյան միջադեպի ժամանակ նրան ուղեկցող անձը, երբ Գլենդելի Ամերիկանա կենտրոնական թաղամասի Glendale Galleria-ում Iphone-ի վաճառքով զբաղվող խանութներից մեկում մի խումբ հայ երիտասարդներ մոտեցել էին Արայիկ Հարությունյանին, բղավել՝«դավաճա՛ն», «անհայրենի՛ք», և հեռացել։

Կարդացեք նաև

Մեզ ասացին՝ Հովհաննես Պողոսյանն օգտվում է Արայիկ Հարությունյանի լիակատար հովանավորությունից և վարչապետի աշխատակազմում իրականացնում է ստվերային ղեկավարում։

Մեր տեղեկություններով՝ անգամ շատ նախարարներ, Արայիկ Հարությունյանի տեղակալները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի սիրելի Տարոն Չախոյանը, չեն կարող մեքենայով մուտք գործել Կառավարության շենք և այնտեղ կայանել, բայց Հովհաննես Պողոսյանին դա թույլ են տալիս անել։ Նման արտոնություններից չեն օգտվում անգամ վարչապետի խորհրդականները և օգնականները՝ բացառությամբ նախկին փոխվարչապետ, այժմ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի, որը ևս անարգել մուտք է գործում Կառավարության շենք և այնտեղ կայանում։

006 ԼԼ 50 համարանիշով խորհրդավոր «Prado»-ն

Հովհաննես Պողոսյանը 006 ԼԼ 50 համարանիշով «Prado» մակնիշի մեքենան օգտագործում է հիմնականում անձնական նպատակներով, քանի որ Արայիկ Հարությունյանը ունի այլ ծառայողական մեքենա՝ 004 ԼԼ 55 համարանիշով, և այլ վարորդ՝ Պետրոս Մովսեսյան անունով։ Այսինքն՝ Հովհաննես Պողոսյանը Արայիկ Հարությունյանի վարորդը չէ, նրա վարորդն է եղել ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ:

Մյուս կողմից՝ Հովհաննես Պողոսյանին, ՀՀ օրենսդրության համաձայն, ծառայողական մեքենա հատկացվել չի կարող, հետևաբար ի՞նչ մեքենա է սպասարկում Հովհաննես Պողոսյանին: Իսկ հնարավո՞ր է, որ այդ մեքենան էլ է Արայիկ Հարությունյանի ծառայողական ավտոմեքենան, ու վերջինս այն տրամադրել է իր մտերմին, և եթե դա այդպես է, դա Արայիկ Հարությունյանի կողմից առերևույթ առկա իշխանական լիազորությունների չարաշահման հանգամանքի մասին է խոսում:

Հովհաննես Պողոսյանն այն անձանցից է, ով Արայիկ Հարությունյանի սենյակ ունի անարգել մուտքի իրավունք, և կադրային հարցերը Արայիկ Հարությունյանը քննարկում է վերջինիս հետ՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ կադրերի վարչության աշխատանքները համակարգում է Արայիկ Հարությունյանի նախկին մտերիմ, այժմ՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանը, որը, ըստ շրջանառվող լուրերի, խիստ զբաղված է արտասահմանյան գործուղումների կազմակերպմամբ. (երևի եկամտաբեր է)։

Հովհաննես Պողոսյանը (կամ, ինչպես վարչապետի աշխատակազմում են ասում, Արայիկի Հովոն) Արայիկ Հարությունյանին ուղեկցում է ամենուր, անգամ արտասահմանյան գործուղումների ժամանակ և, որ ամենահետաքրքիրն է, նույնիսկ արձակուրդում գտնվելիս։

Ի դեպ, նշենք նաև, որ ժողովրդավարության բաստիոն համարվող ՀՀ-ում Արայիկ Հարությունյանի գործուղման և արձակուրդի որոշումները չեն հրապարակվում։ Հովհաննես Պողոսյանը Հարությունյանի հետ մի քանի անգամ արձակուրդ է մեկնել ԱՄՆ, այնտեղ նշել ծննդյան տարեդարձը, տարբեր գործուղումների է գնացել վերջինիս հետ, բնականաբար, պետական բյուջեի հաշվին թերևս։

Հովհաննես Պողոսյանը, թեև իրավունք չունի մասնակցելու Կառավարության նիստերին, սակայն մասնակցում է դրանց։ Վարչական պաշտոն զբաղեցնող անձի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականին նման լիազորություններ և գործառույթներ վերապահելը ուղղակի անհամատեղելի է իրավական և ժողովրդավարական պետության հետ, բայց այս ամենը կատարվում է հենց Նիկոլ Փաշինյանի գիտությամբ և նրա քթի տակ։

Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ կաներ ընդդիմադիր Նիկոլը, եթե Արայիկի Հովոյի արկածները տեղի ունենային նախկինների օրոք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930