«F-16-ի վաճառքը կապված չէ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հետ». ԱՄՆ պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարության (պետդեպարտամենտ) մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե կա՞ որևէ զարգացում F-16 ռազմական ինքնաթիռները Թուրքիային վաճառելու գործընթացում, նշել է, որ առայժմ զարգացումներ չկան։
Հարցին էլ՝ արդյոք դա կապվա՞ծ է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի հետ՝ խոսնակը, ermenihaber.am-ի՝ բացասական պատասխան է տվել.
«Կարծում ենք, որ կապ չկա և չպետք է լինի։ Ինչպես նախկինում ենք հայտնել Թուրքիայի կառավարությանը, վաճառքը պիտի հաստատվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից»։
Բայց և հավելել է, որ կան որոշ կոնգրեսականներ, որոնք F-16-ի վաճառքը կապում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հետ։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ G20-ի շրջանականերում Բայդենի հետ անդրադարձել են F-16-ի վաճառքին։
«Առկա մոտեցումը մեզ լրջորեն վրդովեցնում է։ Դուք ամեն ինչին ասում եք կոնգրես-կոնգրես։ Մենք էլ կոնգրես ունենք՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է։ Քանի դեռ Թուրքիայի Ազգային ժողովը նման որոշում չի ընդունել, հնարավոր չէ, որ ես «այո» ասեմ»,- ասել է Էրդողանը։