Հաղթելու ենք ներքին թշնամուն. այլընտրանքը ո՞րն է ՝ հանձնվենք թշնամո՞ւն… Սա էն ժողովուրդն է, որ Ցեղասպանությունից 3 տարի հետո Սարդարապատ է տվել. Էդուարդ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանը ՀՀ կոչվող պետությունը տանում է կործանման: Սա այլևս ակնհայտ է: Երեկվա նրա հարցազրույցը քաղաքական իմպոտենտի ողորմելի կռուտիտներ էին, արդարացման փորձեր: Մի կողմից՝ արդարացնում է իր հակառուսական դեմարշը, մյուս կողմից՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար մեղադրում Լևոն Տեր-Պետրոսյանին Ալմաթիի հռչակագրի համար, իր կնոջ  Ուկրաինա գնալը ասում՝ չքաղաքականացնեք, ու այդպես շարունակ»,- այսօր «Հենարան» ակումբում տված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս շնորհավորեց Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, ասաց, որ վերջինս ապացուցեց, որ Արցախում կան ուժեր, ովքեր հավատարիմ են մնում 88-ի շարժման իդեալներին ու ամեն ինչ անելու են՝ Արցախն Ադրբեջանի կազմում չտեսնելու համար:

«Նիկո՛լ, որ ասում ես՝ վիճակը ծանր է, չեմ շնորհավորում, կարո՞ղ է՝ Սամվել Շահրամանյանն է Արցախը հասցրել այդ վիճակին: Դրա պատճառը քո՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու  հայտարարությունն է: Դու ծնկել ես Ալիևի առաջ: Դու չէի՞ր Արցախում մասնակցում ինագուրացիայի, դու չէի՞ր Շուշիում տրնգի պարում, քո թիմակիցները չէին ասո՞ւմ՝ Ակնան իմ հայրենիքն է՝ նռները ձեռքին: Բա դուխով էիք, բա ասում էիք՝ այլևս չենք ծնկելու, վիզներս չենք ծռելու»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա՝ լկտի սուտ է Փաշինյանի այն թեզը, որ Ալմաթիի հռչակագրով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում, որովհետև այդ հռչակագրի ընդունման պահին չկար Ադրբեջանական ԽՍՀ, ու Արցախը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ:

Կարդացեք նաև

«12 տարի զբաղվել եմ խորհրդարանական դիվանագիտությամբ, և չի եղել գեթ մեկ դեպք, երբ մեզ հետ բանավեճերում Ադրբեջանի որևէ պատգամավոր իմ դեմը դնի, աս՝ի պարոն Շարմազանով, էս ի՞նչ եք խոսում, Արցախը Լևոն Տեր-Պետրոսյանը Ալմաթիի հռչակագրով ճանաչել է Ադրբեջանի կազմում: Բա Մինսկի խմբի համանախագահները էդքանը չէի՞ն հասկանում: Բա որ Տեր-Պետրոսյանն Արցախ հանձնող էր, 2008թ. ո՞նց էիր գոռում՝ Տեր-Պետրոսյան՝ նախագահ: Սա ողորմելի սուտ է: Եվ Բորելը, և Զախարովան ասել են՝ Նիկոլ Փաշինյանն է հայ առաջին ղեկավարը, ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում»,- ասաց նա՝ հավելելով, որ հենց Նիկոլ Փաշինյանն է Լաչինի միջանցքը փակելու քավորը:

Վերջինս խոսեց նաև Աննա Հակոբյանի՝ Ուկրաինա կատարած այցի մասին:

«Ասում է՝ կնոջս այցը մի քաղաքականացրեք: Ո՞ւմ հետ էր հանդիպել Աննա Հակոբյանը՝ Իրինա Դերյուգինայի՞, թե՞ Օլեգ Բլոխինի հետ… Զելենսկու հետ էր հանդիպել, ով շնորհավորել էր Արցախի օկուպացիան»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս խոսեց այսօր Վլադիմիր Պուտինի այն հայտարարության մասին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իրենք առաջարկել են դադարեցնել պատերազմը, և, որ այդ ժամանակ ՀՀ-ին էին մնում Արցախը, Քարվաճառն ու Քաշաթաղը, բայց Փաշինյանը հրաժարվել է:

«Բա որ Հայաստանն Ալմաթիի հռչակագրով Արցախն ընդունել էր Ադրբեջանի կազմում, ո՞նց էր Պուտինը նման առաջարկ անում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե որոնք են Հայաստանի կարմիր գծերն Արցախի խնդրում:

«Սերժ Սարգսյանը բազմիցս ասել էր, որ պատրաստ է զիջել 5 շրջանները՝ Արցախի հայկականության, ու 2 շրջանները՝ հայկական մնալու դիմաց, Արցախի կարգավիճակի հետագա հստակեցման հեռանկարով: Սերժ Սարգսյանի ժամանակ Հայաստանն ու համանախագահները խոսում էին նույն լեզվով, և ապակառուցողական կողմ միշտ լինում էր Ադրբեջանը: Որևէ մեկը երբեք չի ասել, որ հայկական կողմը բանակցությունները մտցրել է փակուղի: Իսկ Նիկոլ Փաշինյանը տգիտաբար, դավաճանաբար ու միտումնավոր Արցախի ինքնորոշման հարցը դարձրել է տարածքային վեճ»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը:

Նրա խոսքով՝ աշխարհում չի եղել ղեկավար, ով ուլտիմատում ներկայացնի միաժամանակ ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Ֆրանսիային ու մարսի:

«Այսինքն՝ ինքը կարող է մարսել, բայց պետությունը կարող է չլինել: Գնաց, ասեց՝ Արցախը Հայաստան է, ու վերջ, կանաչ լույսը վառեցին պատերազմի առաջ: Մարդը մինչև հիմա չի հասկացել՝ պատերազմը ինչի է սկսվել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա նաև անդրադարձավ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:

«Դե կանգնիր, Ալեն Սիմոնյան, ու էսօր Ազգային ժողովում ասա՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախի ինքնորոշման իրավունքը կարմիր գիծ է: Կասես, կասեմ՝ հալալ է քեզ: Բայց կասե՞ս, ախր Ալիևը շեֆիդ կպատժի: Նիկոլ, Սերժն ու մյուս նախագահները քեզ թողել էին մի Արցախ, մի Շուշի, որտեղ դու գնում տրնգի էիր պարում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ ԳՄ անդամն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս լրագրող ժամանակ էր ուզում, որ Թուրքիան Արցախի հարցում դառնա բանակցային կողմ:

«Ցյուրիխյան արձանագրություններում՝ Սերժ Սարգսյանի ժամանակ, Դավութօղլուն ուզում էր մի տող մտցնել Լեռնային Ղարաբաղի մասին, բայց Էդվարդ Նալբանդյանը թույլ չտվեց: Սերժ Սարգսյանի ժամանակ Հայաստանը կարողացավ 90 միլիոնանոց թուրքին հաղթել այնտեղ, որ 2015թ. ամբողջ աշխարհը դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը ու չէր խոսում նույն օրը նշվող Գալիպոլիի ճակատամարտի մասին: Նիկոլ Փաշինյանն ու նրա կապիտուլյանտների թիմը Թուրքիային դարձրել են գործոն ու միջնորդ Ղարաբաղի հարցում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Ակնա-Ասկերանով ռուսական բեռնատարի՝ Ստեփանակերտ մուտքին, Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց դա ստեղծված իրավիճակում:

«Ադրբեջանն ուզում էր իր բեռները մտցնել, բայց Արցախի նոր իշխանություններն ու Ռուսաստանը թույլ չտվեցին դա: Բացի դրանից, Ռուսաստանը ցույց տվեց, որ Արցախի ժողովրդի ճակատագիրն իր համար մեկ չէ: Նիկոլ Փաշինյանն ինքն իրենով քաոսի մարմավորում է»,- ասաց նա:

Էդուարդ Շարազանովը նկատեց՝ եթե մեզ մինչև այժմ ղեկավարում է ձախողված Նիկոլ Փաշինյանը, ուրեմն ընդդիմությունը հաջողակ չի գործել:

«Բայց նաև ընդդիմության պայքարի շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իջել է 13%-ի: Նիկոլ Փաշինյանի հեռացման բանաձևը հետևյալն է՝ յուրաքանչյուր դերակատար պետք է մտածի ոչ թե իշխանության գալու, այլ իշխանափոխության մասին: Ես տեսնում եմ հնարավորություններ, և Արցախի հերոսական ժողովուրդն է մեզ տալիս այդ հնարավորությունը»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը:

Անդրադարձ եղավ նաև հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարին:

«Դեռևս հայտնի չէ՝ ինչ լավաշ նամակ է գրել Փաշինյանը Պուտինին: Ես չեմ հիշում դեպք, երբ ՌԴ-ում մեր դեսպանը կանչվեր ԱԳՆ: Հայ-ռուսական հարաբերություններում այս ճգնաժամի մեղավորը ՔՊ-ական իշխանությունն է: Երբ դու, Նիկոլ, Ռուսաստանին մեղադրում ես Լաչինի միջանցքի փակման մեջ, նման է նրան, որ անառակ որդին ծնողներին հանձնի ծերանոց ու պահանջի, որ ծերանոցի տնօրենը նրանց լավ նայի: Բոլորս ունենք Ռուսաստանին հարցեր տալու, նրանից ինչ-որ բաներ պահանջելու իրավունք, բայց ոչ երբեք Նիկոլ Փաշինյանը, որովհետև ինքն է հրաժարվել Արցախից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց՝ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պայմանավորված կերպով խախտել են Փաշինյանն ու Ալիևը:

«Պուտինն էսօր շատ կարևոր բան է ասել: Եթե բաց ասեմ, ասել է՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ճիշտ էին, դու՝ սխալ, Նիկոլ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Որպես պատմաբան՝ Էդուարդ Շարմազանովն ասաց՝ թուրքին ինչքան զիջես, այնքան նրա ախորժակը բացվելու է:

«Մի օր կարող է տեսնենք՝ թուրքը եկել, Կրիվոյում ապրում է: Ամենավերջում էլ բերանդ բացելու են, ատամներդ քաշեն: Հաղթելու ենք ներքին թշնամուն: Չի ստացվում, կստացվի: Այլընտրանքը ո՞րն է ՝ հանձնվենք թշնամո՞ւն: Սա էն ժողովուրդն է, որ Ցեղասպանությունից 3 տարի հետո Սարդարապատ է տվել, սա էն ժողովուրդն է, որ 20-րդ դարում հող է ազատագրել: Էս կապիտուլյանտներն իրենց անգլոսաքսոնական տերերի հետ միասին հայ ժողովրդին ուզում են սարքել կամազուրկ: Չի ստացվելու: Արցախի այս հերոսական պայքարը հայ ժողովրդի 5000-ամյա պատմության մեջ ամենահերոսականն է: Թուրքը հային չի հաղթել ու չի հաղթելու»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նաև հորդորեց ժողովրդին չմեղադրել, այլ մեղադրել էլիտաներին:

«Հայը հաղթելու է, կապրենք, կտեսնենք: Հովիվին է պետք փոխել»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս