«Գերությունից վերադարձած երեք երիտասարդների հետ անպայման հանդիպելու եմ և կիսելու եմ նրանց ուրախությունը». Ադրբեջանական գերության մեջ գտնվող Վագիֆ Խաչատրյանի դուստր

Հուլիսի 29-ին ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի մոտ տեղադրված ապօրինի անցակետից առևանգել է Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով Կարմիր խաչի ուղեկցությամբ գալիս էր Երևան՝ սրտի անհետաձգելի վիրահատության ենթարկվելու համար։

Նույն մեթոդներով օգոստոսի 28-ին Հակարիի ապօրինի անցակետից առևանգված 3 հայ երիտասարդներին Ադրբեջանը վերադարձրեց երեկ՝ սեպտեմբերի 7-ին։

168.amի հետ զրույցում Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, ասաց, որ շատ է ուրախացել, որ երեք հայ երիտասարդները վերադարձել են ադրբեջանական գերությունից, և հույսով սպասում է, որ հաջորդն իր հայրիկը կլինի, ով առողջական բարդ խնդիրներ ունի։

«Ի սկզբանե Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր, որ 10 օրից երիտասարդներին կվերադարձնեն, ես սպասում էի, որ նրանց հետ կտան, Ադրբեջանն իր հեղինակության համար կաներ։

Կարդացեք նաև

Հայրիկիս վերադարձի առումով ես մեկ վայրկյան անգամ հույսս չեմ կորցնում, քանի որ, ինչպես բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ հայրս որևէ կապ չունի իր անվան հետ կապվող հանցագործությունների հետ։

Գերությունից վերադարձած մեր երեք երիտասարդների հետ անպայման եմ հանդիպելու, ոչ թե հայրիկիս մասին հարցնելու, քանի որ, ինչպես ասում են՝ նա բուժական մեկուսարանում է, այլ այդ երիտասարդների ուրախությունը կիսելու համար։

Հույս ունեմ, որ հաջորդը հայրս կլինի»,- նշեց Վերա Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է վերջերս Հայաստան ժամանակ Փարիզի քաղաքապետի հետ հանդիպմանը և Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նրան տեղեկացնելուն, Վերա Խաչատրյանն ասաց, որ՝ այո, Փարիզի քաղաքապետին տեղեկացրել է հոր մասին, սակայն որևէ նորություն չկա։

«Միայն գիտենք, որ դատավարություն պետք է տեղի ունենա, թե ինչ ընթացք կունենա այդ ամենը, դրա մասին արդեն ավելի ուշ կարող ենք խոսել»

Նա նաև ասաց, որ այս ամբողջ ընթացքում ընդամենը մեկ անգամ է  հնարավորություն եղել հեռախոսազանգի միջոցով մի քանի վայրկյան զրուցել հոր հետ։

«Զանգը շատ անսպասելի եղավ, նույնիսկ չեմ հասցրել հարցնել, թե առողջականն ինչպես է։ Ես իրեն էի ասում՝ պինդ կաց, ինքն էլ մեզ էր ասում, որ լավ լինենք ու ուժեղ մնանք։ Այն, որ հայրիկիս ձայնը լսեցի, դա արդեն ուրախացնող էր»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ոստիկանությունը Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց հետո նրան տարել էր անհայտ ուղղությամբ՝ արգելելով, որպեսզի Կարմիր խաչի որևէ ներկայացուցիչ կամ նրա դուստրը, ով նույնպես ուղեկցում էր հորը, գնան նրա հետ: Կարմիր խաչի ներկայացուցչի նկատմամբ, ով փորձել էր խոչընդոտել Խաչատրյանին  ապօրինաբար տեղափոխել՝ ադրբեջանցիները սպառնացել են ուժ գործադրել։

Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց հետո Ադրբեջանը սկսեց անհեթեթ մեղադրանքներ առաջադրել նրան, թե իբր վերջինս զինվորական է եղել, 90-ականներին ադրբեջանցիների դեմ «հանցագործություններ» է իրականացրել։

Տեսանյութեր

Լրահոս