Տեխնոլոգիական ապագա
Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով և նմանությամբ․ «Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1:26): Աստված մարդուն շնորհեց միտք և մտային կարողություն, կամք և ազատ կամեցողություն: Դարերի ընթացքում մարդն իր կյանքը դյուրացնելու համար մտածեց, ծրագրեց և հնարեց իր առօրյա կյանքի հետ առնչվող զանազան սարքեր, որոնցից են բազմատեսակ գործեր կատարող մարդամեքենաները (Robot):
Կարելի է ասել, որ ինչպես համացանցը այժմեական տեղ ունեցավ մեր կյանքի մեջ, նույնպես մարդամեքենաների գործածության ցուցանիշը օրեցօր արագորեն բարձրանում է: Մարդամեքենաները սկսում են մուտք գործել ամեն տեղ ու ասպարեզ՝ համալսարաններ, դպրոցներ, ճաշարաններ, հիվանդանոցներ, հողատարածքներ, փողոցներ, մարզասրահներ և այլն: Մարդամեքենաներն ունեցան պատվական բազկաթոռ մարդուն հետաքրքրող աշխարհի մեջ:
Այս հոդվածի նպատակն է մի կողմից՝ նշել արդի ժամանակներում գործող մեքենաներից ու մարդամեքենաներից մի քանիսը, խոսել դրանց եզակի հատկությունների և հսկա կարողությունների մասին, և մյուս կողմից՝ տրամաբանական և վերլուծական մոտեցումներով նկարագրել ու ներկայացնել մարդու գալիք ապագան՝ մինչև տասը տարի՝ մոտավորապես 2030 թվականը, և այդ բոլորի միջից հարցական ձևով մատնանշել 21-րդ դարի զարգացած մարդու դիմագրավելիք լուրջ խնդիրները:
Գյուղատնտեսությունը: Նախապես ընդեղենի, բանջարեղենի և մրգերի բերքահավաքը տեղի էր ունենում մարդկանց ուժով: Բերքահավաքը կատարվում էր մարդկանց ձեռքերով նույնիսկ եթե բերքի հողատարածքը ընդարձակ լիներ:
Ներկայումս բազմատեսակ են բերք հավաքելու զանազան չափերի մեքենաները, օրինակ, կան ձիթապտուղ հավաքող այնպիսի մեծ մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է մեկ օրվա մեջ 1200-ից ավելի ձիթենու բերք հավաքել, այլ խոսքով՝ դա մի ձիթենու բերքը հավաքում է ընդամենը մոտավորապես մեկ րոպեում:
Տրանսպորտը: Նախապես մարդու տեղափոխումը տեղի էր ունենում դանդաղորեն՝ ցամաքով, որոշ անասունների՝ ուղտերի, էշերի կամ ձիերի միջոցով: Որոշ ժամանակ անց մարդը հնարեց ավտոմեքենա, գնացք և օդանավ, և այսպիսով՝ մարդն ունեցավ նոր աշխատանք՝ վարորդություն: Ներկայումս որոշ երկրներում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն, սկսել են գործել անվարորդ տաքսիներ (Driverless taxi): Կարծում եմ՝ վարորդությունը որպես աշխատանք տասնյակ տարիներ էլ չի գոյատևի:
Դասավանդելը: Նախապես դասավանդելը տեղի էր ունենում բանավոր տարբերակով՝ դասախոսը խոսում էր, իսկ ուսանողները լսելով սովորում էին: Հետագայում սկսեցին կառուցվել դպրոցներ և համալսարաններ, որոնցում դասախոսները մեծ տեղ ու դեր ունեցան: Անցնող մի քանի տարվա մեջ որոշ դպրոցներում և համալսարններում դասախոսություններ տրվեցին ռոբոտ դասախոսների կողմից (Robot lecturer): Օրինակ` DW Documentary-ն իր յութուբյան էջում նշել է, որ 2019-ին Գերմանիայի Մարբուրգ քաղաքի Ֆիլիպս համալսարանում Յուկի անունով ռոբոտը դասախոսություն կարդաց համալսարանի ուսանողներին, ինչը մեծ զարմանք և ուրախություն պատճառեց նրանց։ Արդյո՞ք կարելի է ասել, որ մոտ ապագայում՝ մինչև 2030-ը, ռոբոտ դասախոսները մարդ դասախոսների փոխարեն կդասավանդեն ուսումնական կենտրոններում, մանավանդ, որ նոր սերունդը շատ սիրում է տեխնոլոգիան:
Խոհարարությունը: Ռոբոտային խոհանոցը գործում է աշխարհի ճաշարաններում: Ռոբոտ խոհարարները պատրաստում են զանազան ճաշեր, աղցաններ, խմորեղեն, զովացուցիչներ, անուշեղեն և այլն: Մի ռոբոտ կարող է պատրաստել 80 պիցցա մեկ ժամվա ընթացքում, երկրորդը` համեղ ճաշ՝ երեք րոպեում, երրորդը՝ բանջարեղենով աղցան՝ շատ կարճ ժամանակում, չորրորդը՝ արագորեն զարդարել տորթը: Արդյո՞ք խոհարարություն սովորողները կկարողանան հեշտորեն գործ գտնել գալիք տարիներում:
Դրամափոխությունը: Դրամ փոխանակելը՝ որպես ասպարեզ, հնուց է գալիս: Ինտերնետի գոյությունից առաջ մարդիկ դրամների փոխանակում կատարում էին դրամատների և լումայափոխների մոտ: Ներկայումս համացանցի միջոցով՝ Մոբայլ Բանկինգ ծրագրով, մարդը կարող է բանկում իր ունեցած դրամն այլ դրամով փոխանակել մի քանի վայրկյանում:
Բժշկությունը: Այսօր ռոբոտային վիրաբուժություններ են կատարվում համաշխարհային հիվանդանոցներում և կլինիկաներում: Օրինակ՝ 2021-ին Cleveland Clinic Abu Dhabi-ն, իր յութուբյան էջում նշել է․ «Քլիվլենդի կլինիկան ունի ռոբոտային վիրաբուժության երկար պատմություն՝ ավելի քան 20 տարի:
Եվ ռոբոտային վիրաբուժությունը ունի օգուտներ՝
1. վիրաբուժական ցնցումից խուսափում,
2. վիրահատվող հատվածի տեսքի մեծացում եռաչափ տաբերակով,
3. ավելի լավ՝ էրգոնոմիկ, միջավայրի ստեղծում,
4. արյան կորստի քանակի նվազում,
5. վերքերի ապաքինման ժամանակի կրճատում,
6. շատ քիչ ցավ և այլն»:
Տարածքների հսկողությունը: Նախքան տեսախցիկների գոյությունը պահակությունը տեղի էր ունենում հերթական հսկողությամբ՝ յուրաքանչյուր պահակ ունենում էր իր հերթը՝ 2, 4, 6, 8 և ավելի ժամով: Ներկայումս վայրերը վերահսկվում են տեսախցիկներով, որոնք՝ 1. լիցքավորվում են հոսանքի և Արևի լույսի կողմից, 2. հնարավորություն են տալիս սեփականատիրոջը, որ ուղիղ եթերով տեսնի հազարավոր կիլոմետր հեռավորությամբ գտնվող իր տան, հողատարածքի կամ գործատեղի ապահովությունը, 3. կատարում են տեսաձայնագրություն, 4. ահազանգ են հնչեցնում հարձակման դեպքում և ոստիկանությանը տեղեկացնում են և այլն: Տեսախցիկների անթիվ գործածությունը նվազեցրեց պահակների թիվը:
Մատուցողությունը: Ինչ սիրուն տեսարան է, երբ քաղցած հաճախորդը մտնում է ճաշարան, և մատուցողը լայն ժպիտով նրան դիմավորում և առաջնորդում է ազատ մի սեղան, խոսում է ճաշացուցակի ճոխության մասին, հարցնում է, թե հաճախորդն ինչ է փափագում ուտել ու խմել: Մատուցողի աշխատանքը տարիների ընթացքում կանհետանա, քանի որ ռոբոտ մատուցողները օրըստօրե մուտք են գործում արդի ճաշարաններ: Օրինակ՝ Ճապոնիայում ռոբոտ մատուցողներն իրենց սիրուն տեսքով դիմավորում են հաճախորդներին, առաջնորդում են նրանց հարմարավետ սեղանի մոտ, մատուցում են ճաշերը, երգում ու պարում են հաճախորդի ցանկության համաձայն:
Ո՞ւր ենք հասնելու
Տեխնոլոգիան ինչքանով անհրաժեշտ է մեր կյանքում, այնքանով միաժամանակ վտանգավոր է, որովհետև՝
1. բերքահավաք մեքենաները սկսեցին բերքահավաքի աշխատանքը կատարել,
2. ռոբոտ տաքսիները սկսեցին ավտոմեքենաներ վարել,
3. ռոբոտ դասախոսները սկսեցին դասախոսել,
4. ռոբոտ խոհարարները սկսեցին ուտելիքներ պատրաստել,
5. Մոբայլ Բանկինգը դրամափոխություն է կատարում,
6. տեսախցիկներն անդադար հսկում են վայրերը,
7. ռոբոտները սնունդ են մատուցում և այլն:
Գործընթացն արագ կազմակերպելու, արդիականության հետ համընթաց քայլելու պահանջի, աշխատավարձերի խնայողություն անելու և այլ պատճառների մղումով բազմաթիվ ընկերություններ ուզում են, որ իրենց գործատեղերի աշխատանքները կատարվեն մեքենաների և ռոբոտների միջոցով, և ոչ թե ավանդական տարբերակով՝ գործավորների կողմից: Այդ պատճառով վերջերս շատ են խոսում գրքերի, հոդվածների և հարցազրույցների միջոցով, թե տասը տարվա ընթացքում շատ գործեր պիտի վերանան աշխարհում՝ մարդամեքենան մարդու փոխարեն պիտի աշխատի, շատ աշխատանքներ ամբողջովին պիտի անցնեն անցյալի էջին: Այդ գործերից են 1. բժշկությունը՝ բժշկական բոլոր գործողությունները,
2. դասավանդումը,
3. վարորդությունը՝ օդանավով, նավով և ավտոմեքենայով,
4. խոհարարությունը,
5. դրամափոխությունը,
6. բեռնակրությունը,
7. հաշվապահությունը,
8. պահակությունը,
9. գանձապահությունը,
10. դերձակությունը,
11. նամակաբաշխությունը,
12. թերթի տպագրությունը և այլն:
Ճիշտ է, որ տեխնոլոգիան միշտ առաջընթաց է ապրում և կարևոր մաս է կազմում մեր կյանքում, սակայն միաժամանակ պետք է զգույշ լինենք դրա գործածության մեջ: Տեխնոլոգիայի չափազանց օգտագործումը կարող է զանազան ահավոր վնասներ՝ անգործություն, աղքատություն, տխրություն, հուսահատություն, անձնասպանություն և այլն հասցնել մարդկանց:
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր