
Մոլդովան չեղարկել է ԱՊՀ-ում միջպետական գաղտնիքների պահպանվածության մասին համաձայնագիրը

Մոլդովայի կառավարությունը չեղարկել է միջպետական գաղտնիքների պահպանվածության փոխադարձ ապահովման մասին համաձայնագիրը, որն ԱՊՀ երկրների կողմից ստորագրվել է 1993 թ. հունվարի 22-ին Մինսկում։ Համապատասխան որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին ասվում է Մոլդովայի կառավարության մամուլի ծառայության հրապարակած որոշման նախագծում։
«Համաձայնագրի չեղարկումը չի ազդի Մոլդովայի Հանրապետության վրա, քանի որ գաղտնի տեղեկատվության փոխանակումն իրականացվում է այլ երկրների հետ երկկողմ համաձայնագրերի հիման վրա», – այս որոշումը մեկնաբանել է Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Մուստյացեն։
Նրա խոսքով՝ հանրապետությունը համապատասխան պայմանագրեր է կնքել մի շարք երկրների հետ, բանակցություններ նախաձեռնել առանձին այլ պետությունների հետ նմանատիպ համաձայնագրեր կնքելու համար։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Քիշնևի քաղաքականությունը որակել է երկդիմի՝ նշելով, որ հայտարարելով ԱՊՀ-ից դուրս գալու իրենց ցանկության մասին՝ Մոլդովայի իշխանությունները միևնույն ժամանակ չեն շտապում հրաժարվել ԱՊՀ-ին անդամակցության սոցիալ-տնտեսական առավելություններից։