Բաժիններ՝

Երևանում կմեկնարկի միջազգային չորրորդ բիենալեն

Աշխարհի 53 երկրի 231 փորագրանկարչի 355 գեղարվեստական տպագրության բազմատեսակ տեխնիկաներով ու ոճերով կատարված աշխատանքները մեկ հարթակում. 2023 թվականին արդեն չորրորդ անգամ Երևանում մեկնարկում է Հայաստանում կերպարվեստի բնագավառում իր ծավալով և տարածաշրջանում միակ «Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանն ընդգծեց, որ փառատոնն այս տարի իրականացվում է արդեն չորրորդ անգամ՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:

«2017 թվականին «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամն առաջին անգամ Հայաստանում նախաձեռնեց «Գեղարվեստական տպագրության բիենալե», այս ձևաչափով կերպարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետությունում որևէ մեծ միջազգային փառատոն չէր իրականացվել: Եվ առաջին անգամ նախաձեռնելով նման ձևաչափով միջազգային նախագիծ, չէինք կարող պատկերացնել, որ այն միջազգային արվեստագետների կողմից այսքան լայն արձագանք կստանա: Եվ մենք ցանկացանք այս բիենալեի շրջանակներում համախմբել ամբողջ աշխարհից փորագրանկարիչների, որոնք իրենց հավաքատեղին կնախանշեն Հայաստանը և կհամախմբվեն Հայաստանում՝ մի ընդհանուր ցուցադրության ներքո»,-նշեց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ «Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ը մայրաքաղաքի մշակութային կյանքում ոչ միայն նշանակալի իրադարձություն է, այլ նաև այն ամրագրում է Հայաստանի դերը՝ որպես գեղարվեստական տպագրության կենտրոն տարածաշրջանում:

Սոնա Հարությունյանը մեծ ուրախությամբ նշեց, որ այս տարի փառատոնի նախնական փուլին ներկայացվել է 1500 աշխատանքներ, ինչը խոսում է փառատոնի միջազգային կայացման, ճանաչման և միջազգային հանրության կողմից այն կարևորելու մասին:

«Որպես առաջին նախընտրական փուլի արդյունք, «Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ի միջազգային ժյուրին՝ Երևանում վերջնական մրցույթում ցուցադրելու համար ներկայացված 55 երկրի 413 արվեստագետի՝ 1500 փորագրանկարից ընտրեց 53 երկրի 231 փորագրանկարչի 355 գեղարվեստական տպագրության բազմատեսակ տեխնիկաներով ու ոճերով կատարված թերթերը։ «Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ին մասնակից արվեստագետների քանակով առաջին հորիզոնականն զբաղեցնում է Լեհաստանը՝ 46, որին հաջորդում են Հայաստանը՝ 39, Ռուսաստանը՝ 16, Ֆրանսիան ՝ 8 և Ճապոնիան՝ 7 փորագրանկարչով»,- ասաց նա:

Փառատոնի կազմակերպիչը նշեց, որ բիենալեի շրջանակում 2023 թվականի սեպտեմբերի 12-17-ը Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ կանցկացվի «Հայաստանը` տարածաշրջանում Գեղարվեստական տպագրության կենտրոն» միջազգային համաժողովը, որին ներկա են գտնվելու և կրթական բաղադրիչի գերակայությունը և անհրաժեշտությունը ապահովելու են 30 երկրից փորագրանկարչության ավելի քան 50 փորձագետ։

Նա ընդգծեց, որ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեի համար մեծ պատիվ է ամբողջ աշխարհից գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող անվանի արվեստագետների 355 փորագրանկար աշխատանքները մայրաքաղաք Երևանում ներկայացնելը՝ տարածաշրջանում բացառիկ հարթակ ստեղծելով ժամանակակից գեղարվեստական տպագրության շուրջ երկխոսության համար։

«Մեր կարևոր նպատակներից մեկն այն էր, որ նաև խթանենք Հայաստանում գեղարվեստական տպագրության ոլորտը, որպեսզի բոլոր այն բուհերում, որտեղ դասավանդվում է գեղարվեստական տպագրությունը, ավելանա ուսանողների քանակը և արվեստագետների մոտ հետաքրքրություն առաջանա գեղարվեստական տպագրության տեխնիկաների նկատմամբ»,- ասաց նա:

Սոնա Հարությունյանը նշեց նաև, որ «Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ի միջազգային ժյուրիի անդամներն ավարտական քննարկման արդյունքում կընտրեն մրցանակակիրներին, որոնց կշնորհվի չորս հուշամեդալ՝ գլխավոր, առաջին, երկրորդ, երրորդ մրցանակ։ Նա ընդգծեց, որ հուշամեդալներն ամեն տարի պատրաստում է հայ հայտնի քանդակագործներից մեկը: Այս տարվա հուշամեդալների հեղինակը կլինի հայ քանդակագործ Մանվել Մաթևոսյանը: Առանձնակի ուշադրության արժանացած մասնակիցները կարժանանան նաև հատուկ մրցանակների, իսկ լավագույն փորագրանկարները կստանան պատվոգրեր։

«Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու 2023թ.-ի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Ազնավուր» կենտրոնում:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կայանալու է 2023թ.-ի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Ազնավուր» կենտրոնում:

Կազմակերպիչը նշեց, որ բիենալեն տևելու է մինչև նոյեմբերի 8-ը, մուտքն անվճար է:

Գայանե Գաբոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս