Փաշինյանին գազազեցնում է այն, որ Արցախի ժողովուրդը շարունակում է չհանձնվել. Նաիրա Զոհրաբյան
Օգոստոսի 28-ին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող 3 հայ ֆուտբոլիստի՝ շարունակելով խախտել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական կողմն առևանգել էր բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին։
Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ձերբակալված երեք հայերին նախապատրաստում են Հայաստան արտաքսման:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, խոսելով Արցախից տեղափոխվող հայերին առևանգելու ադրբեջանական քաղաքականության մասին, ընդգծեց.
«Ադրբեջանական կողմից փոխանցում են, որ հայերին բերման են ենթարկել Ադրբեջանի դրոշը տրորելու համար, իսկ այս տրամաբանությամբ Ադրբեջանը բերման է ենթարկելու և մինչև 20 տարվա ազատազրկման կամ ցմահ դատապարտելու է Արցախի 1-ին և 2-րդ պատերազմների մասնակիցներին։ Չեմ ուզում խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը, բայց չպետք է բացառել, որ Ադրբեջանին հայերի վերաբերյալ ցուցակները տրամադրում են Հայաստանի կամ Արցախի կառավարություններից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը`ընդգծելով՝ այս ամենը տեղավորվում է Արցախն Ադրբեջանի մաս համարող Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի ունեցած ծրագրի մեջ, ինչի շուրջ կա միջազգային կոնսենսուս։
«Փաշինյանին գազազեցնում է այն, որ Արցախի ժողովուրդը շարունակում է չհանձնվել, չէ՞ որ Փաշինյան-Արայիկ Հարությունյան դուետի ծրագրի մեջ այս երկարատև դիմադրությունը չէր մտնում. նրանց ծրագիրը հետևյալն էր՝ 2-3 ամսվա տոտալ շրջափակումից հետո Արցախի ժողովուրդը կոտրվելու է և դիմի անձամբ Փաշինյանին՝ Ադրբեջանի կանաչ անձնագիր ստանալու համար»,- ասաց Զոհրաբանը՝ Արցախում ապրող հայերին հիշեցնելով՝ քանի որ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի նպատակն է արցախցիներին հանձնել Ադրբեջանին, ուստի Արցախում ապրողներն ունեն լրջագույն անելիք՝ հենց իրենք պետք է ոտքի կանգնեն իրենց խնդիրը լուծելու համար՝ առանց հույս կապելու Արայիկ Հարությունյանի, Նիկոլ Փաշինյանի կամ միջազգային հանրության հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։