Ոչ շատ ակտիվ և նստակյաց կյանք վարելը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, ինչպե՞ս խուսափել օստեոխոնդրոզից

Ողնաշարային խնդիրները բազմազան են, իսկ վերջին շրջանում ժամանակների և տեխնոլոգիաների մուտքի հետ մեկտեղ մեր կյանք են մտել մի շարք նոր խնդիրներ: Այսօր շատերը աշխատանքի բերումով երկար ժամանակ անցկացնում են համակարգիչների առջև. ըստ մասնագետի՝ երկար ժամանակ լարված նույն դիրքով նստելը լուրջ հետևանքներ և խնդիրներ է առաջացնում ողնաշարի համար:

Ոչ շատ ակտիվ և նստակյաց կյանք վարելը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ: Ինչպե՞ս խուսափել ողնաշարային խնդիրներից, եթե վարում ես նստակյաց կյանք: Ի՞նչ է աղերի կուտակումը և դրա արդյունքում ողնաշարում և պարանոցում առաջացած ցավերը, ինչպե՞ս կարելի է բուժել. այս և շատ այլ կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում մանրամասնում է «ՊուլսՄեդ» բժշկական կենտրոնի բժիշկ-ողնաշարաբան Վահրամ Սարգսյանը

Մասնագետը նշեց, որ նստակյաց կյանքի արդյունքում զարգանում է մկանների տոնուսի բարձրացում՝ հիպերտոնուս, որի զարգացման արդյունքում արդեն վատանում է արյան շրջանառությունը դեպի ողնաշար, հարողնաշարային մկանները լարվում են և առաջացնում են օստեոխոնդրոզ:

«Իսկ այն անձինք, ովքեր ունեն նաև քաշի խնդիր, հետագայում մկանների գերլարված վիճակի արդյունքում մի փոքր կտրուկ շարժման ընթացքում կարող են ձեռք բերել նույնիսկ միջողային ճողվածքներ»,- ասաց բժիշկ-ողնաշարաբանը:

Եթե ունեն լուրջ գանգատներ, մասնագետը խորհուրդ տվեց անպայման դիմել բժշկի և չզբաղվեն ինքնաբուժությամբ՝ օրինակ, մարզասրահ հաճախելով, այս պարագայում մասնագետը պետք է հետազոտի և նշանակի համապատասխան բուժում:

Իսկ մարդկանց, ովքեր աշխատում են երկարատև նստակյաց աշխատանքով, խորհուրդ է տրվում 30-40 րոպեն մեկ վեր կենալ նստած դիրքից և շարժվել, իսկ շաբաթվա ընթացքում առնվազն երեք օր զբաղվել որոշակի մարզաձևով ՝ լողով, թենիսով, բասկետբոլով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան կլինիկաներում կինեզոթերապիաներով:

Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ մասնագետը հորդորեց ծնողներին՝ հատկապես փոքր տարիքի երեխաների համար ընտրել հարմարավետ պայուսակներ:

«Քանի որ փոքր տարիքում անհարմար և ծանր պայուսակը կարող է վնասել երեխայի ողնաշարը և նպաստել սխալ ձևավորմանը, խորհուրդ կտամ չընտրել մեծ պայուսակներ, որոնք կախվում են թիակներից ցած, այլ հիմանականում լինեն թիակների ստորին հատվածում»,- ընդգծեց մասնագետը:

Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Տեսանյութեր

Լրահոս