
«Աշխարհազորի հրամանատարը նշել է, որ եթե Արցախի գործող նախագահը չի կարողանում մեկ սեղանի շուրջ համախմբել բոլոր դերակատարներին, միգուցե ճիշտը նրա հրաժարականն է». Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի աշխարհազորի հրամանատարը կրկին հանդես է եկել տեսաուղերձով, որում սրբագրել է իր այն հայտարարությունները, որոնք հակասական մեկնաբանությունների տեղիք են տվել:
Խնդրահարույց մեկնաբանությունները Կարեն Մաթևոսյանը բացատրել է նրանով, որ ինքը քաղաքական գործիչ չէ և քաղաքական հարցերի հետ կապված կարող է սխալներ թույլ տա:
Մաթևոսյանը նշել է, որ որևէ քայլ չի անի պետության և պետականության դեմ ու իր պայքարը հանուն Արցախի պաշտպանության է:
Աշխարհազորի հրամանատարը նաև նշել է, որ եթե Արցախի գործող նախագահը չի կարողանում մեկ սեղանի շուրջ համախմբել բոլոր դերակատարներին, միգուցե ճիշտը նրա հրաժարականն է:
Տեսաուղերձում ակնարկներ կա այն մասին, որ որոշ դեմքեր Արցախում փորձել են իր խոսքերը խեղաթյուրել և առանձին գործիչների դեմ ուղղել, նույնիսկ հասարակությանը վախեցնել, սակայն ըստ Մաթևոսյանի, աշխարհազորը ծառայում է ժողովրդին և որևէ մեկն իրենց չի կարող ներքաղաքական գործընթացների մեջ ներքաշել:
Կուլիսներում նաև տեղեկություններ կա այն մասին, որ Կարեն Մաթևոսյանին, նախնական փուլում, սխալ տեղեկություններ է ներկայացվել ներքաղաքական դաշտում առկա խնդիրների վերաբերյալ, որն ավելի ուշ ճշտվել է:
Ինչևէ, Արցախում` բոլոր առումներով այս ծանր պահին, Մաթևոսյանի վերջին ուղերձը որոշակիորեն լիցքաթափել է այն լարվածությունը, որը ստեղծվել էր առաջին ուղերձից հետո, մյուս կողմից այսպիսի գործընթացները հետևանք են իշխանության` հանրության, քաղաքական հիմնական ուժերի և դերակատարների հետ սխալ, ոչ անկեղծ հաղորդակցության:
Աշխարհազորի գլխավոր խնդիրն արտաքին թշնամու դեմ պայքարն է և այն մարդիկ, ուժերը, ովքեր փորձում էին այդ կառույցը ծառայեցնել իշխանության պահպանման, նեղ անձնական շահերի կամ իշխանության գալու համար, ձախողվեցին»: