Բաժիններ՝

Արցախի ԱԺ-ի նախագահը հանդիպել է հանրապետության լրագրողական համայնքի ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է հանրապետության լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ազգային ժողովը:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է պաշտոնավարման 20-օրյա գործունեությունը, անդրադարձել է արտաքին ու ներքին մարտահրավերներին:

«Երկրում ստեղծված բարդ իրավիճակի մեղմացմանն ուղղված ջանքերին զուգահեռ աշխատանքներ են տարվել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման, Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի վերագործարկման, բարեկամական խմբերի ու շրջանակների հետ ակտիվ շփումների վերականգնման ուղղությամբ:

Խոսելով մեր ներուժը հնարավորինս օգտագործելու անհրաժեշտության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ քննարկվել է արտերկրում գտնվող մեր ներկայացուցչությունների աշխատանքները ակտիվացնելու հարցը: Նա շեշտել է համահայկական ջանքերը միավորելու հրամայականի մասին»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ Դավիթ Իշխանյանը հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել նաև պետական կառավարման համակարգի ու հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ:

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ներքաղաքական իրավիճակին, խորհրդարանի հեղինակության բարձրացման, տեղեկատվական դաշտի խնդիրներին:

Ազատ ու անկեղծ մթնոլորտում լրագրողներն իրենց կարծիքներն են արտահայտել և հարցեր ուղղել խորհրդարանի ղեկավարին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս